Մատթեոս 19:16-30

Մատթեոս 19:16-30 ՆՎԱԱ

Ահա մեկը Հիսուսի մոտ եկավ ու ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»։ Նա ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. բարին մեկն է։ Իսկ թե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պատվիրաննե՛րը պահիր»։ Նրան ասաց. «Որո՞նք»։ Հիսուսն ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնանա, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը և սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» ։ Երիտասարդը նրան ասաց. «Այդ ամենն իմ մանկությունից ի վեր պահել եմ, էլ ի՞նչ է ինձ պակասում»։ Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ունեցվածքդ ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձ կունենաս. ու եկ ի՛նձ հետևիր»։ Երբ երիտասարդն այս խոսքը լսեց, տրտմած հեռացավ, որովհետև մեծ հարստություն ուներ։ Հիսուսն աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ է երկնքի արքայություն մտնելու։ Բայց դարձյալ ասում եմ ձեզ. ուղտն ասեղի ծակով ավելի հեշտ կանցնի, քան հարուստը Աստծու արքայություն կմտնի»։ Երբ աշակերտները լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Հապա ո՞վ կարող է փրկվել»։ Հիսուսը նայեց նրանց և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն բան հնարավոր է»։ Այդ ժամանակ Պետրոսն ասաց Հիսուսին. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու եկանք քո հետևից. հիմա մեզ ի՞նչ կլինի»։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք՝ իմ հետևից եկողներդ, երբ Մարդու Որդին երկրորդ գալստյանն իր փառքի աթոռին նստի, դուք տասներկու աթոռների վրա կնստեք՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու։ Ամեն ոք, ով իմ անվան համար թողել է տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ զավակներին, կամ արտերը, հարյուրապատիկը կստանա ու հավիտենական կյանքը կժառանգի։ Շատ առաջիններ վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ»։