Մատթեոս 18:21-35

Մատթեոս 18:21-35 ՆՎԱԱ

Այդ ժամանակ Պետրոսը, մոտենալով նրան, ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի՞ անգամ նրան ներեմ՝ մինչև յո՞թ անգամ»։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չեմ ասում՝ մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ։ Դրա համար երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան։ Երբ սկսեց հաշիվը տեսնել, նրա մոտ բերվեց մեկը, որ պարտք էր տասը հազար քանքար։ Քանի որ պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել իրեն, իր կնոջը, որդիներին, ամբողջ ունեցածը և հատուցել։ Այդժամ ծառան ընկավ նրա առաջ, երկրպագում էր նրան և ասում. "Տե՛ր, համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ"։ Տերն այդ ծառային գթաց, արձակեց նրան և պարտքը նրան ներեց։ Երբ այդ ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դինար էր պարտք։ Բռնեց նրան և խեղդում էր՝ ասելով. "Պարտքդ վերադարձրո՛ւ"։ Այդ ժամանակ ծառայակիցը նրա առաջն ընկավ, աղաչում էր նրան և ասում. "Համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ"։ Բայց նա չկամեցավ, այլ գնաց և նրան բանտ գցեց, մինչև պարտքը հատուցեր։ Երբ նրա ծառայակիցները տեսան պատահածը, շատ տրտմեցին և եկան, ամեն ինչ հայտնեցին իրենց տիրոջը։ Այդ ժամանակ տերը նրան իր մոտ կանչեց և ասաց. "Չա՛ր ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև դու ինձ աղաչեցիր։ Պետք չէ՞ր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի"։ Եվ տերը բարկանալով՝ նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ Այդպես էլ իմ երկնավոր Հայրը կանի ձեզ, եթե ձեզանից յուրաքանչյուրն իր եղբոր հանցանքները սրտանց չների»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում