Մատթեոս 16:13-28

Մատթեոս 16:13-28 ՆՎԱԱ

Երբ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը եկավ, հարցրեց իր աշակերտներին և ասաց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին. ո՞վ է Մարդու Որդին»։ Իսկ նրանք ասացին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչն է, մյուսները՝ Եղիան, ուրիշներն էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։ Նրանց ասաց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում իմ մասին. ո՞վ եմ»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել։ Ես քեզ եմ տալու երկնքի արքայության բանալիները, և ինչ որ երկրի վրա կապես, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում»։ Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, թե ինքն է Քրիստոսը։ Դրանից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, ծերերից, քահանայապետներից, դպիրներից շատ չարչարանքներ կրի, սպանվի ու երրորդ օրը հարություն առնի։ Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց նրան հանդիմանել ու ասել. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող քեզ այդպիսի բան չպատահի»։ Եվ նա դարձավ Պետրոսին ու ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, դու ինձ համար գայթակղություն ես, որովհետև դու խորհում ես ոչ թե այնպես, ինչպես Աստված է կամենում, այլ այնպես, ինչպես մարդիկ»։ Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից։ Որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի ինձ համար, կգտնի այն։ Մարդուն ի՞նչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի, կամ մարդն ի՞նչ փրկագին կտա։ Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակների հետ և այդ ժամանակ ամեն մեկին հատուցելու է ըստ իր գործերի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակելու, մինչև Մարդու Որդուն իր թագավորությամբ գալիս չտեսնեն»։