Մատթեոս 15:1-39

Մատթեոս 15:1-39 ՆՎԱԱ

Այդ ժամանակ Հիսուսին մոտեցան դպիրներն ու փարիսեցիները և ասացին. «Իսկ դուք ինչո՞ւ եք անտեսում Աստծու պատվիրանները ձեր ավանդույթի պատճառով, որովհետև երբ հաց են ուտում, իրենց ձեռքերը չեն լվանում»։ Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Հապա դո՞ւք ինչու եք ձեր ավանդույթների պատճառով Աստծու պատվիրաններն անտեսում։ Որովհետև Աստված ասել է. "Պատվի՛ր քո հորն ու մորը" և "Ով իր հորը կամ մորը չարախոսի, մահվան կդատապարտվի" ։ Իսկ դուք ասում եք. "Ով իր հորը կամ մորն ասի՝ “Այն օգնությունը, որ ինձնից պիտի ստանայիր, Աստծուն եմ ընծայել”, և կարող է իր հորը կամ իր մորը չպատվել"։ Ձեր ավանդույթի պատճառով խախտում եք Աստծու պատվիրանը։ Կեղծավորնե՛ր, Եսային ձեր մասին լավ է մարգարեացել՝ ասելով. "Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրանց սիրտն ինձանից շատ է հեռացել։ Զուր են ինձ պաշտում, երբ ուսուցանում են մարդկանց կողմից հորինված պատվիրաններ" »։ Եվ Հիսուսը, ժողովրդին իր մոտ կանչելով, ասաց. «Լսե՛ք ու հասկացե՛ք. մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ նրա բերանն է մտնում, այլ այն, ինչ նրա բերանից է դուրս գալիս»։ Այդ ժամանակ նրա աշակերտները մոտեցան և նրան ասացին. «Գիտե՞ս, որ երբ փարիսեցիներն այդ խոսքը լսեցին, գայթակղվեցին»։ Նա պատասխան տվեց ու ասաց. «Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի։ Թողե՛ք նրանց. նրանք կույր են և կույրերի առաջնորդներ։ Երբ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն»։ Այդժամ Պետրոսը Հիսուսին ասաց. «Բացատրի՛ր մեզ այս առակը»։ Իսկ Հիսուսն ասաց. «Դո՞ւք էլ դեռ չեք հասկանում։ Չե՞ք հասկանում, որ այն ամենը, ինչ բերանն է մտնում, որովայնի մեջ է գնում, ապա արտաքնոց գցվում։ Սակայն այն, ինչ բերանից է ելնում, սրտից է գալիս, և դա՛ է մարդուն պղծում։ Որովհետև սրտից դուրս են գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ։ Սրանք են մարդուն պղծում, բայց անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։ Հիսուսն այնտեղից դուրս ելավ և Տյուրոսի ու Սիդովնի կողմերը գնաց։ Եվ ահա քանանացի մի կին, որ գալիս էր այն սահմաններից, աղաղակում էր ու ասում նրան. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ որդի, իմ աղջիկը տառապում է դևից»։ Սակայն Հիսուսը նույնիսկ մի բառ նրան չպատասխանեց։ Նրա աշակերտները մոտեցան և խնդրում էին նրան՝ ասելով. «Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Ես ուղարկվել եմ միայն Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Իսկ կինը եկել և նրան երկրպագում էր՝ ասելով. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»։ Նա պատասխանեց ու ասաց. «Լավ չէ երեխաների հացն առնել ու շների առաջ նետել»։ Իսկ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից թափված փշրանքներով են կերակրվում»։ Այդ ժամանակ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը. թող քեզ քո ուզածի պես լինի»։ Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։ Հիսուսը, հեռանալով այնտեղից, եկավ Գալիլեայի լճի մոտ և լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ։ Եվ նրան ժողովրդի մեծ բազմություն մոտեցավ. նրանք իրենց հետ ունեին կաղերի, կույրերի, համրերի, հաշմանդամների և ուրիշ շատերի։ Նրանց Հիսուսի ոտքերի առջև դրեցին, և նա բժշկեց նրանց, այնպես որ ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով համրերին խոսելիս, հաշմանդամներին՝ առողջ, կաղերին՝ քայլելիս, իսկ կույրերին՝ տեսնելիս, և փառաբանում էին Իսրայելի Աստծուն։ Հիսուսն իր մոտ կանչեց աշակերտներին և ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու ոչինչ չունեն։ Չեմ ուզում նրանց քաղցած արձակել. գուցե ճանապարհին նվաղեն»։ Աշակերտները նրան ասացին. «Այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովուրդ կշտանա»։ Հիսուսը նրանց ասաց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք ասացին. «Յոթ և մի քանի փոքր ձուկ»։ Հիսուսը ժողովրդին կարգադրեց, որ նստեն գետնին։ Նա վերցրեց այն յոթ հացն ու ձկները, գոհություն հայտնեց, մաս-մաս արեց և կտրեց ու աշակերտներին տվեց, աշակերտներն էլ՝ ժողովրդին։ Բոլորը կերան ու կշտացան. և ավելացած կտորներով յոթ զամբյուղ լցրեցին։ Ովքեր կերան, չորս հազար տղամարդիկ էին, կանանցից և երեխաներից բացի։ Հիսուսը բազմությանն արձակելուց հետո նավ նստեց ու Մագդաղայի սահմանները եկավ։