Մատթեոս 15:1-20

Մատթեոս 15:1-20 ՆՎԱԱ

Այդ ժամանակ Հիսուսին մոտեցան դպիրներն ու փարիսեցիները և ասացին. «Իսկ դուք ինչո՞ւ եք անտեսում Աստծու պատվիրանները ձեր ավանդույթի պատճառով, որովհետև երբ հաց են ուտում, իրենց ձեռքերը չեն լվանում»։ Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Հապա դո՞ւք ինչու եք ձեր ավանդույթների պատճառով Աստծու պատվիրաններն անտեսում։ Որովհետև Աստված ասել է. "Պատվի՛ր քո հորն ու մորը" և "Ով իր հորը կամ մորը չարախոսի, մահվան կդատապարտվի" ։ Իսկ դուք ասում եք. "Ով իր հորը կամ մորն ասի՝ “Այն օգնությունը, որ ինձնից պիտի ստանայիր, Աստծուն եմ ընծայել”, և կարող է իր հորը կամ իր մորը չպատվել"։ Ձեր ավանդույթի պատճառով խախտում եք Աստծու պատվիրանը։ Կեղծավորնե՛ր, Եսային ձեր մասին լավ է մարգարեացել՝ ասելով. "Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրանց սիրտն ինձանից շատ է հեռացել։ Զուր են ինձ պաշտում, երբ ուսուցանում են մարդկանց կողմից հորինված պատվիրաններ" »։ Եվ Հիսուսը, ժողովրդին իր մոտ կանչելով, ասաց. «Լսե՛ք ու հասկացե՛ք. մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ նրա բերանն է մտնում, այլ այն, ինչ նրա բերանից է դուրս գալիս»։ Այդ ժամանակ նրա աշակերտները մոտեցան և նրան ասացին. «Գիտե՞ս, որ երբ փարիսեցիներն այդ խոսքը լսեցին, գայթակղվեցին»։ Նա պատասխան տվեց ու ասաց. «Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի։ Թողե՛ք նրանց. նրանք կույր են և կույրերի առաջնորդներ։ Երբ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն»։ Այդժամ Պետրոսը Հիսուսին ասաց. «Բացատրի՛ր մեզ այս առակը»։ Իսկ Հիսուսն ասաց. «Դո՞ւք էլ դեռ չեք հասկանում։ Չե՞ք հասկանում, որ այն ամենը, ինչ բերանն է մտնում, որովայնի մեջ է գնում, ապա արտաքնոց գցվում։ Սակայն այն, ինչ բերանից է ելնում, սրտից է գալիս, և դա՛ է մարդուն պղծում։ Որովհետև սրտից դուրս են գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ։ Սրանք են մարդուն պղծում, բայց անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։