Մատթեոս 14:13-36

Մատթեոս 14:13-36 ՆՎԱԱ

Երբ Հիսուսը լսեց, այնտեղից նավով միայնակ մի ամայի տեղ գնաց։ Երբ ժողովուրդը լսեց, քաղաքներից ոտքով նրա հետևից գնաց։ Հիսուսը, ցամաք ելնելով, շատ ժողովուրդ տեսավ, նրանց գթաց ու հիվանդներին բժշկեց։ Երբ երեկո եղավ, աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Այս տեղն ամայի է, ժամն էլ ուշ է. արձակի՛ր ժողովրդին, որպեսզի գյուղերը գնան և իրենց համար ուտելիք առնեն»։ Հիսուսն ասաց նրանց. «Կարիք չկա, որ գնան. դո՛ւք նրանց ուտելիք տվեք»։ Նրանք ասացին. «Մենք այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ հացից ու երկու ձկից»։ Իսկ նա ասաց. «Դրանք այստե՛ղ՝ ինձ մո՛տ բերեք»։ Հիսուսը կարգադրեց, որ ժողովուրդը խոտերի վրա նստի։ Նա, վերցնելով հինգ հացն ու երկու ձուկը, երկինք նայեց, օրհնեց, մաս-մաս արեց, հացերն աշակերտներին տվեց, աշակերտներն էլ՝ ժողովրդին։ Բոլորն էլ կերան ու կշտացան։ Եվ տասներկու սակառ լեցուն ավելացած կտորներ վերցրին։ Իսկ ուտողները հինգ հազարի չափ մարդ էին, բացի կանանցից և երեխաներից։ Հիսուսն իսկույն իր աշակերտներին ստիպեց, որ նավ նստեն ու իրենից առաջ լճի մյուս կողմն անցնեն, մինչև ինքն այդ ժողովրդին արձակի։ Ժողովրդին արձակելուց հետո բարձրացավ լեռը՝ առանձին աղոթելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, իսկ նավը ցամաքից բավականին հեռու էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին հակառակ կողմից էր։ Գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ Երբ աշակերտները նրան տեսան լճի վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե ուրվական է, և վախից աղաղակեցին։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։ Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Իսկ նա ասաց՝ ե՛կ։ Եվ Պետրոսը, նավից իջնելով, քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ։ Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ Երբ նրանք նավ մտան, քամին հանդարտվեց։ Նավի վրա եղողները երկրպագեցին նրան ու ասացին. «Իսկապես դու Աստծու Որդին ես»։ Նրանք, լճի մյուս կողմն անցնելով, Գեննեսարեթի գավառ եկան։ Տեղաբնակները, Հիսուսին ճանաչելով, մարդ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ, և բոլոր հիվանդներին նրա մոտ բերեցին։ Եվ աղաչում էին նրան, որ գոնե նրա հագուստի քղանցքին դիպչեն։ Եվ ովքեր դիպան, բժշկվեցին։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում