Այդ ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը և իր ծառաներին ասաց. «Նա Հովհաննես Մկրտիչն է. մեռելներից հարություն է առել, և դրա համար նրա միջոցով հրաշքներ են կատարվում»։
Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, նրան կապել ու բանտարկել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հովհաննեսը Հերովդեսին ասում էր. «Քեզ չի թույլատրվում նրան կնության առնել»։ Եվ ցանկանում էր նրան սպանել, բայց ժողովրդից վախենում էր, որովհետև Հովհաննեսին որպես մարգարեի էին ընդունում։ Հերովդեսի ծննդյան օրը Հերովդիայի աղջիկը հրավիրյալների առաջ պարեց, և Հերովդեսին դա դուր եկավ։ Նա երդմամբ խոստացավ աղջկան տալ այն, ինչ որ ուզեր։ Իսկ նա, նախապես իր մորից խրատված լինելով, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ՝ սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Թագավորը տրտմեց, բայց իր երդման և սեղանակիցների պատճառով հրամայեց, որ նրան տրվի։ Եվ մարդ ուղարկեց՝ բանտում Հովհաննեսին գլխատելու։ Նրա գլուխն սկուտեղի վրա բերվեց և աղջկան տրվեց, նա էլ այն իր մորը տարավ։ Հովհաննեսի աշակերտները եկան, վերցրին մարմինն ու թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին։
Երբ Հիսուսը լսեց, այնտեղից նավով միայնակ մի ամայի տեղ գնաց։ Երբ ժողովուրդը լսեց, քաղաքներից ոտքով նրա հետևից գնաց։ Հիսուսը, ցամաք ելնելով, շատ ժողովուրդ տեսավ, նրանց գթաց ու հիվանդներին բժշկեց։ Երբ երեկո եղավ, աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Այս տեղն ամայի է, ժամն էլ ուշ է. արձակի՛ր ժողովրդին, որպեսզի գյուղերը գնան և իրենց համար ուտելիք առնեն»։ Հիսուսն ասաց նրանց. «Կարիք չկա, որ գնան. դո՛ւք նրանց ուտելիք տվեք»։ Նրանք ասացին. «Մենք այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ հացից ու երկու ձկից»։ Իսկ նա ասաց. «Դրանք այստե՛ղ՝ ինձ մո՛տ բերեք»։ Հիսուսը կարգադրեց, որ ժողովուրդը խոտերի վրա նստի։ Նա, վերցնելով հինգ հացն ու երկու ձուկը, երկինք նայեց, օրհնեց, մաս-մաս արեց, հացերն աշակերտներին տվեց, աշակերտներն էլ՝ ժողովրդին։ Բոլորն էլ կերան ու կշտացան։ Եվ տասներկու սակառ լեցուն ավելացած կտորներ վերցրին։ Իսկ ուտողները հինգ հազարի չափ մարդ էին, բացի կանանցից և երեխաներից։
Հիսուսն իսկույն իր աշակերտներին ստիպեց, որ նավ նստեն ու իրենից առաջ լճի մյուս կողմն անցնեն, մինչև ինքն այդ ժողովրդին արձակի։ Ժողովրդին արձակելուց հետո բարձրացավ լեռը՝ առանձին աղոթելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, իսկ նավը ցամաքից բավականին հեռու էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին հակառակ կողմից էր։ Գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ Երբ աշակերտները նրան տեսան լճի վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե ուրվական է, և վախից աղաղակեցին։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։ Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Իսկ նա ասաց՝ ե՛կ։ Եվ Պետրոսը, նավից իջնելով, քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ։ Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ Երբ նրանք նավ մտան, քամին հանդարտվեց։ Նավի վրա եղողները երկրպագեցին նրան ու ասացին. «Իսկապես դու Աստծու Որդին ես»։
Նրանք, լճի մյուս կողմն անցնելով, Գեննեսարեթի գավառ եկան։ Տեղաբնակները, Հիսուսին ճանաչելով, մարդ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ, և բոլոր հիվանդներին նրա մոտ բերեցին։ Եվ աղաչում էին նրան, որ գոնե նրա հագուստի քղանցքին դիպչեն։ Եվ ովքեր դիպան, բժշկվեցին։