Մատթեոս 12:9-38

Մատթեոս 12:9-38 ՆՎԱԱ

Եվ Հիսուսը, այնտեղից հեռանալով, եկավ նրանց ժողովարանը։ Եվ ահա այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։ Հիսուսին ամբաստանելու համար նրան հարցրին՝ ասելով. «Թույլատրվո՞ւմ է շաբաթ օրը բժշկություն անել»։ Նա պատասխանեց նրանց. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա, և այն շաբաթ օրը փոսն ընկնի, նրան չի բռնի ու վեր հանի։ Արդ, մարդը որքա՜ն առավել է ոչխարից։ Ուստի շաբաթ օրը բարիք գործելը թույլատրելի է»։ Այդ ժամանակ Հիսուսն այդ մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա չորացած ձեռքը մեկնեց, և այն մյուսի նման առողջ դարձավ։ Իսկ փարիսեցիները դուրս ելան ու նրա դեմ խորհրդակցեցին, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն։ Երբ Հիսուսն իմացավ, այնտեղից հեռացավ։ Եվ ժողովրդի մեծ բազմություն գնաց նրա հետևից, ու նա բոլորին բժշկեց։ Եվ պատվիրեց նրանց, որ իր մասին չհայտնեն, որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասվածը. «Ահա իմ ծառան, որին ընտրեցի, իմ սիրելին, որի նկատմամբ իմ հոգին բարեհաճ եղավ. իմ Հոգին նրա վրա կդնեմ, և նա հեթանոսներին կհայտնի դատաստանի մասին։ Նա չի հակառակվի, չի աղաղակի, և ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսի։ Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի։ Եվ հեթանոսները հույսը կդնեն նրա անվան վրա» ։ Այդ ժամանակ Հիսուսի մոտ մի կույր ու համր դիվահար բերվեց, և նա բժշկեց նրան, այնպես որ կույր ու համրը և՛ տեսավ, և՛ խոսեց։ Ժողովրդի ողջ բազմությունը զարմացավ ու ասում էր. «Մի՞թե սա է Դավթի որդին»։ Սակայն փարիսեցիները լսեցին և ասացին. «Դա դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով»։ Հիսուսը, նրանց մտքերը հասկանալով, ասաց. «Ամեն թագավորություն, որ իր մեջ մասնատված է, կավերվի, և ինքն իր մեջ մասնատված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա։ Եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվում է, արդ նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա։ Եվ եթե ես դևերին Բեեղզեբուղի միջոցով եմ հանում, ապա ձեր որդինե՞րն ինչով են հանում։ Դրա համար էլ նրա՛նք ձեր դատավորները կլինեն։ Իսկ եթե ես Աստծու Հոգով եմ դևերին հանում, ուրեմն Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։ Կամ ինչպե՞ս կարող է մեկը հզոր մարդու տունը մտնել ու նրա ունեցածը հափշտակել, եթե նախ այդ հզորին չկապի և հետո նրա տունը կողոպտի։ Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք ու հայհոյանք մարդկանց կներվեն, բայց Հոգու դեմ հայհոյանքը մարդկանց չի ներվի։ Ով Մարդու Որդու դեմ որևէ բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում։ Եթե ծառը լավը համարեք, նրա պտուղը ևս լավը կլինի, իսկ եթե ծառը վատը համարեք, նրա պտուղը ևս վատը կլինի, որովհետև ծառն իր պտղից է ճանաչվում։ Իժերի՛ ծնունդներ, դուք ինչպե՞ս կարող եք բարի խոսել, երբ չար եք. որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։ Բարի մարդն իր սրտի բարի գանձից է բարիքներ հանում, իսկ չար մարդը չար գանձից է չարիք հանում։ Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։ Որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես և քո խոսքերից պիտի դատապարտվես»։ Այդ ժամանակ դպիրներից ու փարիսեցիներից ոմանք Հիսուսին պատասխանեցին՝ ասելով. «Վարդապե՛տ, ուզում ենք քեզանից մի նշան տեսնել»։