Մատթեոս 12:22-37

Մատթեոս 12:22-37 ՆՎԱԱ

Այդ ժամանակ Հիսուսի մոտ մի կույր ու համր դիվահար բերվեց, և նա բժշկեց նրան, այնպես որ կույր ու համրը և՛ տեսավ, և՛ խոսեց։ Ժողովրդի ողջ բազմությունը զարմացավ ու ասում էր. «Մի՞թե սա է Դավթի որդին»։ Սակայն փարիսեցիները լսեցին և ասացին. «Դա դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով»։ Հիսուսը, նրանց մտքերը հասկանալով, ասաց. «Ամեն թագավորություն, որ իր մեջ մասնատված է, կավերվի, և ինքն իր մեջ մասնատված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա։ Եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվում է, արդ նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա։ Եվ եթե ես դևերին Բեեղզեբուղի միջոցով եմ հանում, ապա ձեր որդինե՞րն ինչով են հանում։ Դրա համար էլ նրա՛նք ձեր դատավորները կլինեն։ Իսկ եթե ես Աստծու Հոգով եմ դևերին հանում, ուրեմն Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։ Կամ ինչպե՞ս կարող է մեկը հզոր մարդու տունը մտնել ու նրա ունեցածը հափշտակել, եթե նախ այդ հզորին չկապի և հետո նրա տունը կողոպտի։ Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք ու հայհոյանք մարդկանց կներվեն, բայց Հոգու դեմ հայհոյանքը մարդկանց չի ներվի։ Ով Մարդու Որդու դեմ որևէ բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում։ Եթե ծառը լավը համարեք, նրա պտուղը ևս լավը կլինի, իսկ եթե ծառը վատը համարեք, նրա պտուղը ևս վատը կլինի, որովհետև ծառն իր պտղից է ճանաչվում։ Իժերի՛ ծնունդներ, դուք ինչպե՞ս կարող եք բարի խոսել, երբ չար եք. որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։ Բարի մարդն իր սրտի բարի գանձից է բարիքներ հանում, իսկ չար մարդը չար գանձից է չարիք հանում։ Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։ Որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես և քո խոսքերից պիտի դատապարտվես»։