Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։ Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն ու իրենց ժողովարաններում ձեզ կտանջեն։ Իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կտարվեք՝ նրանց ու հեթանոսներին վկայություն տալու համար։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք խոսելու, որովհետև նույն պահին կտրվի ձեզ այն, ինչ խոսելու եք, քանի որ խոսողը դուք չեք, այլ ձեր Հոր Հոգին, որ խոսում է ձեր մեջ։ Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն և կսպանեն նրանց։ Եվ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեք։ Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Երբ ձեզ այս քաղաքում հալածեն, դեպի մեկ ուրի՛շը փախեք, որովհետև, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի մինչև Մարդու Որդու գալուստը։
Աշակերտն ուսուցչից առավել չէ, ոչ էլ ծառան՝ իր տիրոջից։ Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, իսկ ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը "Բեեղզեբուղ" կոչեցին, ապա որքա՜ն ավելի՝ նրա ընտանիքի անդամներին։
Արդ նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և գաղտնի բան, որ չիմացվի։ Ինչ որ ձեզ խավարի մեջ եմ ասում, լույսի՛ մեջ ասեք, և ինչ որ լսում եք ականջին, տանիքների վրա՛ քարոզեք։ Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։ Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ Ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշվված է։ Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք։
Արդ, ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է։