Աբրահամի որդի Դավթի որդի Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը։
Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային ու նրա եղբայրներին. Հուդան ծնեց Փարեսին ու Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եսրոնին. Եսրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռախաբից. Բոոսը ծնեց Ովբեդին՝ Հռութից. Ովբեդը ծնեց Հեսսեին. Հեսսեն ծնեց Դավիթ թագավորին։ Դավիթ թագավորը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. Սողոմոնը ծնեց Ռոբովամին. Ռոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասային. Ասան ծնեց Հովսափատին. Հովսափատը ծնեց Հովրամին. Հովրամը ծնեց Ոզիային. Ոզիան ծնեց Հովաթամին. Հովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. Եզեկիան ծնեց Մանասեին. Մանասեն ծնեց Ամոնին. Ամոնը ծնեց Հովսիային։ Հովսիան ծնեց Հեքոնիային ու նրա եղբայրներին՝ Բաբելոնի գերության ժամանակ։ Բաբելոնի գերությունից հետո Հեքոնիան ծնեց Սաղաթիելին. Սաղաթիելը ծնեց Զորաբաբելին. Զորաբաբելը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազովրին. Ազովրը ծնեց Սադովկին. Սադովկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին. Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Հակոբին. Հակոբը ծնեց Հովսեփին՝ Մարիամի ամուսնուն, որից ծնվեց Հիսուսը, որին Քրիստոս են ասում։ Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները տասնչորսն են, Դավթից մինչև բաբելոնյան գերությունը՝ տասնչորս սերունդ, և բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ։
Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, Հովսեփի հետ նշանված էր։ Նախքան նրանց՝ միմյանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ Նրա ամուսինը՝ Հովսեփը, որ արդար էր և չէր ցանկանում նրան խայտառակել, մտածեց գաղտնի արձակել նրան։ Եվ մինչ նա այս մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Նա որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։ Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը.
«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի,
և նրան կկոչեն Էմմանուել» ,
որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
Եվ Հովսեփը, քնից արթնանալով, արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրեն, և իր կնոջն իր մոտ առավ։ Եվ նրան չմերձեցավ, մինչև նա ծնեց իր անդրանիկ որդուն, և նրա անունը Հիսուս դրեց։