ՄԱՂԱՔԻԱ 2:1-9

ՄԱՂԱՔԻԱ 2:1-9 ՆՎԱԱ

«Արդ ձեզ համար է այս նախազգուշացումը, ո՛վ քահանաներ։ Եթե չլսեք և սրտանց իմ անունը չփառաբանեք,- ասում է Զորքերի Տերը,- այն ժամանակ ես ձեր վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունները։ Այո, ես արդեն անիծել եմ դրանք, քանի որ դուք սրտանց այդ չեք անում։ Ահա ես պիտի հանդիմանեմ ձեր սերունդը և ձեր երեսին շպրտեմ այն անասունների կղկղանքը, որոնց զոհաբերում եք տոներին, և ձեզ էլ պիտի նետեն կեղտանոցը։ Եվ դուք կիմանաք, որ ես եմ ձեզ ուղարկել այս նախազգուշացումը, որպեսզի իմ ուխտը Ղևիի հետ շարունակվի,- ասում է Զորքերի Տերը։- Իմ ուխտը նրա հետ կյանքի և խաղաղության ուխտ էր, և ես դրանք տվեցի նրան, որ երկյուղի, և նա երկյուղեց ինձանից, և նա իմ անունից զարհուրում էր։ Ճշմարտության ուսուցում կար նրա բերանում, և նրա շրթունքներին անիրավություն չէր գտնվում. խաղաղությամբ և ուղղամտությամբ էր ընթանում ինձ հետ և շատերին դարձնում էր անօրենությունից։ Որովհետև քահանայի շուրթերը պետք է գիտությունը պահպանեն, և նրա բերանից մարդիկ ուսուցում պիտի փնտրեն, քանզի նա Զորքերի Տիրոջ պատգամաբերն է։ Բայց դուք խոտորել եք ճանապարհից, շատերին գայթակղեցրել եք ձեր ուսուցումով, դուք ապականել եք Ղևիի ուխտը,- ասում է Զորքերի Տերը։- Ուստի ես ձեզ անարգված և նվաստացած եմ դարձրել ամբողջ ժողովրդի առաջ, քանի որ դուք չպահեցիք իմ ճանապարհները, այլ օրենքի մեջ աչառություն եք անում»։