ՄԱՂԱՔԻԱ 1:6-14

ՄԱՂԱՔԻԱ 1:6-14 ՆՎԱԱ

«Տղան մեծարում է իր հորը, իսկ ծառան՝ իր տիրոջը. եթե ես հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը, և եթե ես տեր եմ, ո՞ւր է իմ երկյուղը,- ձեզ է ասում Զորքերի Տերը, ո՛վ քահանաներ, որ իմ անունն անարգում եք և ասում եք. “Ինչո՞վ ենք անարգում քո անունը”։ Իմ զոհասեղանի վրա պիղծ հաց մատուցելով. և ասում եք. “Մենք ինչո՞վ ենք քեզ պղծում”. ձեր ասելով, թե՝ “Տիրոջ սեղանն անարգված է”։ Եվ երբ կույր անասունին եք մատուցում զոհելու համար, վատ չէ՞, կամ երբ կաղին ու հիվանդին եք մատուցում, վատ չէ՞. նրան քո կառավարչի՛ն մատուցիր, արդյոք քեզ կհավանի՞, քեզ կընդունի՞»,- ասում է Զորքերի Տերը։ «Եվ արդ, պաղատե՛ք Աստծու առաջ, որ մեզ ողորմի. սա ձեր ձեռքի արածն է. մի՞թե նա ձեզ կընդունի,- ասում է Զորքերի Տերը։- Ձեզանում մեկը լիներ, որ փակեր դռները. որ դուք իմ զոհասեղանին իզուր կրակ չվառեիք. դուք ինձ չեք գոհացնում,- ասում է Զորքերի Տերը,- և ձեր ձեռքից ընծա չպիտի ընդունեմ։ Որովհետև արևելքից մինչև արևմուտք մեծ է իմ անունը ազգերի մեջ, և ամենուրեք իմ անվանը խունկ և մաքուր ընծա է մատուցվում, որովհետև ազգերի մեջ մեծ է իմ անունը,- ասում է Զորքերի Տերը։- Բայց դուք այն պղծում եք, երբ ասում եք. “Տիրոջ սեղանը պղծված է, և նրա բերքը՝ ուտեստը, անարգ”։ Եվ ասում եք. “Սա ի՜նչ տաժանք է”, և քամահրում եք,- ասում է Զորքերի Տերը,- և գազաններից խլվածը, կաղը և հիվանդը բերում եք. սրանք եք բերում իբր ընծա. մի՞թե ձեր ձեռքերից ես կընդունեմ այն,- ասում է Տերը։- Եվ թող անիծյալ լինի խաբեբայությամբ վարվողը, իր հոտի մեջ որձ ունենալով ուխտ է անում և արատավորն է զոհ մատուցում Տիրոջը. որովհետև ես մեծ թագավոր եմ,- ասում է Զորքերի Տերը,- և իմ անունն ահարկու է ազգերի մեջ»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում