Ղուկաս 9:46-62

Ղուկաս 9:46-62 ՆՎԱԱ

Նրանց մեջ մի վեճ սկսվեց, թե իրենցից ո՛վ է մեծը։ Հիսուսը, նրանց սրտի մտքերն իմանալով, վերցնելով մի մանկան, նրան իր մոտ կանգնեցրեց։ Եվ նրանց ասաց. «Ով այս մանկանն իմ անունով ընդունի, ի՛նձ ընդունած կլինի, իսկ ով ինձ ընդունի, ինձ ուղարկողի՛ն ընդունած կլինի, որովհետև ով ձեր մեջ ամենափոքրն է, նա՛ է մեծը»։ Հովհաննեսը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, ու նրան արգելեցինք, որովհետև մեզ հետ չի շրջում»։ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև ով մեզ դեմ չէ, մեր կողմն է»։ Երբ լրանում էին նրա օրերը աշխարհից վերանալու, նա որոշեց Երուսաղեմ գնալ։ Եվ իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց. նրանք գնալով սամարացիների մի գյուղ մտան, որ նրա համար տեղ պատրաստեն։ Բայց նրան չընդունեցին, որովհետև նա Երուսաղեմ էր ուղղվում։ Նրա աշակերտները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, այդ տեսնելով, ասացին. «Տե՛ր, ուզո՞ւմ ես, որ ասենք՝ երկնքից կրակ իջնի ու դրանց ոչնչացնի»։ Իսկ նա դարձավ, սաստեց նրանց։ Եվ ուրիշ գյուղ գնացին։ Եվ մինչ նրանք գնում էին, ճանապարհին ոմն մեկը նրան ասաց. «Ես քո հետևից կգամ, ո՛ւր էլ որ գնաս»։ Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բույներ, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ գլուխը դնի»։ Մեկ ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Սա ասաց. «Տե՛ր, թո՛ւյլ տուր, որ նախ գնամ, իմ հորը թաղեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Թող մեռելներն իրենց մեռելներին թաղեն, իսկ դու գնա՛, Աստծու արքայությո՛ւնը քարոզիր»։ Մեկ ուրիշն էլ ասաց. «Տե՛ր, քո հետևից կգամ, միայն թե նախ թո՛ւյլ տուր ինձ, որ իմ տնեցիներին հրաժեշտ տամ»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, ով ձեռքը մաճի վրա է դնում ու հետ նայում, հարմար չէ Աստծու արքայության համար»։

Տեսանյութ Ղուկաս 9:46-62-ի համար