Ղուկաս 9:1-62

Ղուկաս 9:1-62 ՆՎԱԱ

Եվ իր տասներկու աշակերտներին կանչեց, նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա և հիվանդություններ բժշկելու։ Եվ նրանց ուղարկեց Աստծու արքայությունը քարոզելու, հիվանդներին բժշկելու։ Եվ նրանց ասաց. «Ճանապարհի համար ոչինչ չվերցնեք, ո՛չ գավազան, ո՛չ մախաղ, ո՛չ հաց, ո՛չ արծաթ, ո՛չ էլ երկուական վերարկու ունեցեք։ Ո՛ր տունը մտնեք, այնտե՛ղ մնացեք ու այնտեղի՛ց գնացեք։ Իսկ ովքեր ձեզ չընդունեն, ի վկայություն նրանց դեմ՝ այդ քաղաքից դուրս գալիս ձեր ոտքերից փոշին թափ տվեք»։ Եվ նրանք ելան. շրջում էին գյուղից գյուղ՝ ավետարանելով ու ամեն տեղ բժշկություններ անելով։ Հերովդես չորրորդապետը լսեց կատարված ամեն ինչի մասին ու զարմանում էր, քանի որ ոմանք ասում էին. «Հովհաննեսը մեռելներից հարություն է առել», իսկ ոմանք էլ՝ «Եղիան է հայտնվել», ուրիշներն էլ՝ «Նախկին մարգարեներից մեկն է հարություն առել»։ Հերովդեսն ասաց. «Հովհաննեսին ես գլխատել եմ. իսկ սա ո՞վ է, որի մասին ես այսպիսի բաներ եմ լսում»։ Եվ ուզում էր նրան տեսնել։ Առաքյալները վերադարձան ու Հիսուսին պատմեցին, ինչ որ արել էին։ Նա, նրանց վերցնելով, առանձնացավ մի ամայի տեղ՝ մի քաղաքի մոտ, որ Բեթսայիդա էր կոչվում։ Ժողովուրդը, իմանալով, նրա հետևից գնաց։ Հիսուսը նրանց ընդունեց. նրանց հետ խոսում էր Աստծու արքայության մասին։ Իսկ ովքեր բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր։ Օրն սկսեց տարաժամել. տասներկուսը մոտեցան ու նրան ասացին. «Այդ ժողովրդին արձակի՛ր, որպեսզի շրջակա գյուղերն ու ագարակները գնան, իջևանեն և ուտելիք գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք»։ Սակայն նրանց ասաց. «Դո՛ւք դրանց ուտելիք տվեք»։ Նրանք էլ ասացին. «Մենք հինգ հացից ու երկու ձկից ավելին չունենք, եթե չգնանք, այդ ամբողջ ժողովրդի համար ուտելիք չգնենք»։ Որովհետև հինգ հազարի չափ մարդ կար։ Եվ նա իր աշակերտներին ասաց. «Դրանց խումբ-խումբ, հիսուն-հիսուն նստեցրե՛ք»։ Այդպես էլ արեցին ու բոլորին նստեցրին։ Վերցնելով հինգ հացն ու երկու ձուկը՝ դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց ու մաս-մաս արեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։ Բոլորն էլ կերան ու հագեցան, և ավելացած կտորտանքներից տասներկու քթոց հավաքեցին։ Երբ նա առանձին աղոթք էր անում, նրա հետ էին նաև աշակերտները։ Նրանց հարցրեց ու ասաց. «Ժողովուրդն իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ ես»։ Նրանք պատասխանեցին ու ասացին. «Հովհաննես Մկրտիչը, մյուսները՝ "Եղիան", ուրիշներն էլ՝ "Նախկին մարգարեներից մեկն է հարություն առել"»։ Եվ նրանց ասաց. «Իսկ դո՞ւք իմ մասին ինչ եք ասում. ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխանեց և ասաց. «Աստծու Քրիստոսը»։ Նա խիստ պատվիրեց նրանց, որ այդ ոչ ոքի չասեն։ Եվ ասաց. «Մարդու Որդին պետք է շատ չարչարվի, մերժվի երեցներից, քահանայապետներից ու դպիրներից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի»։ Եվ բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու իմ հետևից գա։ Որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր անձը կորցնի, նա այն կփրկի։ Քանի որ մարդու համար ի՞նչ օգուտ է, որ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ վնասվի։ Որովհետև ով ինձ ու իմ խոսքերն ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրան կամաչեցնի, երբ գա իր, Հոր և սուրբ հրեշտակների փառքով։ Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ. այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահ չեն ճաշակի, մինչև որ Աստծու արքայությունը չտեսնեն»։ Եվ այս խոսքերից մոտ ութ օր հետո, Պետրոսին, Հովհաննեսին ու Հակոբոսին վերցնելով, լեռը բարձրացավ աղոթք անելու։ Եվ երբ նա աղոթում էր, նրա դեմքի կերպարանքն այլակերպվեց, և նրա հագուստն սպիտակափայլ դարձավ։ Եվ ահա նրա հետ խոսում էին երկու մարդ, որ Մովսեսն ու Եղիան էին։ Նրանք, փառքով երևալով, նրա վախճանի մասին էին խոսում, որ կատարվելու էր Երուսաղեմում։ Բայց Պետրոսն ու նրա հետ եղողները խոր քնով էին անցել ու երբ զարթնեցին, տեսան նրա փառքը և այն երկու մարդկանց, որ կանգնած էին նրա մոտ։ Եվ երբ նրանք հեռանում էին նրանից, Պետրոսը Հիսուսին ասաց. «Վարդապե՛տ, մեզ համար լավ է, որ այստեղ մնանք և երեք տաղավար շինենք. մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Եվ չգիտեր, թե ի՛նչ էր խոսում։ Ու երբ նա այս ասում էր, մի ամպ եկավ ու նրանց վրա հովանի արեց, ու վախեցան, երբ այդ ամպի մեջ մտան։ Եվ ամպից ձայն եղավ, որ ասաց. «Դա՛ է իմ ընտրյալ Որդին, դրա՛ն լսեք»։ Այդ ձայնը լինելու պահին միայն Հիսուսն էր, և նրանք լռեցին ու այդ օրերին ոչ ոքի ոչինչ չպատմեցին այն բաների մասին, ինչ տեսան։ Հետևյալ օրը, երբ նրանք իջնում էին լեռից, շատ ժողովուրդ եկավ Հիսուսին ընդառաջ։ Եվ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց ու ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետև իմ միակն է։ Ահա ոգի է նրան բռնում, և նա հանկարծ գոռում է. նրան գետնով է տալիս՝ բերանից փրփուր հանելով, ու նրան ջախջախելուց հետո հազիվ հեռանում է նրանից։ Ես քո աշակերտներին աղաչեցի, որ դրան հանեն, բայց չկարողացան»։ Հիսուսն ասաց. «Ո՛վ անհավատ և մոլորված սերունդ, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ և հանդուրժեմ ձեզ։ Այստե՛ղ բեր քո որդուն»։ Եվ նրան մոտենալիս դևը նրան գետնով տվեց ու ցնցեց։ Հիսուսը պիղծ ոգուն սաստեց, երեխային բժշկեց և նրան իր հորը տվեց։ Եվ բոլորը զարմանում էին Աստծու մեծության վրա։ Եվ երբ ամենքը զարմանում էին այն բոլոր բաների վրա, ինչ Հիսուսը կատարում էր, իր աշակերտներին ասաց. «Ակա՛նջ արեք այս խոսքերին, որովհետև Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու»։ Բայց նրանք այդ խոսքը չէին հասկանում. դրա իմաստը նրանցից ծածկված էր, որ չհասկանան նրան, և դրա մասին նրան հարցնելուց վախենում էին։ Նրանց մեջ մի վեճ սկսվեց, թե իրենցից ո՛վ է մեծը։ Հիսուսը, նրանց սրտի մտքերն իմանալով, վերցնելով մի մանկան, նրան իր մոտ կանգնեցրեց։ Եվ նրանց ասաց. «Ով այս մանկանն իմ անունով ընդունի, ի՛նձ ընդունած կլինի, իսկ ով ինձ ընդունի, ինձ ուղարկողի՛ն ընդունած կլինի, որովհետև ով ձեր մեջ ամենափոքրն է, նա՛ է մեծը»։ Հովհաննեսը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, ու նրան արգելեցինք, որովհետև մեզ հետ չի շրջում»։ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև ով մեզ դեմ չէ, մեր կողմն է»։ Երբ լրանում էին նրա օրերը աշխարհից վերանալու, նա որոշեց Երուսաղեմ գնալ։ Եվ իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց. նրանք գնալով սամարացիների մի գյուղ մտան, որ նրա համար տեղ պատրաստեն։ Բայց նրան չընդունեցին, որովհետև նա Երուսաղեմ էր ուղղվում։ Նրա աշակերտները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, այդ տեսնելով, ասացին. «Տե՛ր, ուզո՞ւմ ես, որ ասենք՝ երկնքից կրակ իջնի ու դրանց ոչնչացնի»։ Իսկ նա դարձավ, սաստեց նրանց։ Եվ ուրիշ գյուղ գնացին։ Եվ մինչ նրանք գնում էին, ճանապարհին ոմն մեկը նրան ասաց. «Ես քո հետևից կգամ, ո՛ւր էլ որ գնաս»։ Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բույներ, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ գլուխը դնի»։ Մեկ ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Սա ասաց. «Տե՛ր, թո՛ւյլ տուր, որ նախ գնամ, իմ հորը թաղեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Թող մեռելներն իրենց մեռելներին թաղեն, իսկ դու գնա՛, Աստծու արքայությո՛ւնը քարոզիր»։ Մեկ ուրիշն էլ ասաց. «Տե՛ր, քո հետևից կգամ, միայն թե նախ թո՛ւյլ տուր ինձ, որ իմ տնեցիներին հրաժեշտ տամ»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, ով ձեռքը մաճի վրա է դնում ու հետ նայում, հարմար չէ Աստծու արքայության համար»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում