Ղուկաս 8:41-56

Ղուկաս 8:41-56 ՆՎԱԱ

Եվ ահա մի մարդ եկավ՝ Հայրոս անունով. նա ժողովրդապետ էր։ Հիսուսի ոտքերն ընկնելով՝ աղաչում էր նրան, որ իր տուն մտնի, որովհետև նրա տասներկու տարեկան մինուճար դուստրը մերձիմահ էր։ Երբ Հիսուսը գնում էր, ժողովուրդը նեղում էր նրան։ Մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսության մեջ էր, իր ամբողջ ունեցվածքը բժիշկների վրա ծախսելով՝ չէր կարողացել ոչ մեկի կողմից բուժվել։ Նա հետևից մոտեցավ, Հիսուսի հագուստի քղանցքին դիպավ, և նրա արյունահոսությունն իսկույն դադարեց։ Եվ Հիսուսն ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպավ»։ Քանի որ բոլորը հերքում էին, Պետրոսն ու նրա հետ եղողներն ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է քեզ սեղմում ու նեղում»։ Սակայն Հիսուսն ասաց. «Մեկն ինձ դիպավ, որովհետև ես իմացա, որ ինձանից զորություն դուրս եկավ»։ Եվ երբ կինը տեսավ, որ ծածուկ չմնաց, դողալով եկավ, նրա առաջ ընկավ և ամբողջ ժողովրդի առաջ նրան պատմեց, թե ի՛նչ պատճառով նրան դիպավ ու թե ինչպե՛ս իսկույն բժշկվեց։ Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։ Մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ ու նրան ասաց. «Աղջիկդ մեռավ, վարդապետին նեղություն մի՛ տուր»։ Բայց Հիսուսը, լսելով, նրան պատասխանեց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և կփրկվի»։ Երբ տուն էր մտնում, ոչ ոքի չթողեց իր հետ ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից ու Հովհաննեսից, աղջկա հորից ու մորից։ Բոլորը լալիս էին ու նրա վրա ողբում։ Եվ նա ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև մեռած չէ, այլ քնած»։ Բայց նրան ծաղրում էին, քանզի գիտեին, թե մեռել է։ Իսկ նա, նրա ձեռքից բռնելով, ձայն տվեց և ասաց. «Մանո՛ւկ, վե՛ր կաց»։ Եվ նրա հոգին վերադարձավ, ու նա իսկույն ոտքի կանգնեց։ Հիսուսը հրամայեց նրան ուտելու բան տալ։ Նրա ծնողները զարմացած էին։ Հիսուսը պատվիրեց, որ եղածի մասին ոչ ոքի չասեն։

Ղուկաս 8:41-56 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր