Ղուկաս 8:27-56

Ղուկաս 8:27-56 ՆՎԱԱ

Երբ նա ցամաք ելավ, քաղաքից մի մարդ պատահեց նրան, որ դևեր ուներ։ Նա բավական ժամանակ հագուստ չէր հագել ու տան մեջ չէր ապրում, այլ գերեզմաններում։ Հիսուսին տեսնելով՝ աղաղակեց, նրա առաջ ընկավ և բարձրաձայն ասաց. «Ի՞նչ ունես ինձ հետ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր»։ Որովհետև պիղծ ոգուն հրամայում էր, որ այն մարդու միջից դուրս գա, քանզի շատ ժամանակ էր, ինչ բռնել էր նրան. շղթաներով ու ոտնակապերով կապված էր պահվում, բայց կապանքները կտրում ու դևի կողմից ամայի տեղեր էր տարվում։ Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ Նա ասաց. «Լեգեոն», որովհետև նրա մեջ շատ դևեր էին մտել։ Եվ նրան խնդրում էին, որ իրենց չհրամայի անդունդը գնալ։ Այնտեղ բազում թվով խոզերի մի երամակ կար, որ լեռան վրա արածում էր։ Եվ նրան խնդրում էին, որ թույլ տա իրենց նրանց մեջ մտնել, և թույլ տվեց նրանց։ Դևերն այդ մարդու միջից դուրս ելան, խոզերի մեջ մտան, և երամակն այն գահավեժ տեղից դեպի լիճը խուժեց ու խեղդվեց։ Երբ խոզարածներն այս պատահածը տեսան, փախան և քաղաքում ու ագարակներում պատմեցին։ Եվ մարդիկ դուրս ելան պատահածը տեսնելու, եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, Հիսուսի ոտքերի մոտ նստած, հագնված ու զգաստացած, և վախեցան։ Իսկ նրանք, ովքեր տեսել էին, նրանց պատմեցին, թե դիվահարն ինչպե՛ս էր փրկվել։ Գերգեսացիների երկրի շրջակայքի ամբողջ բազմությունը նրան խնդրեց, որ իրենց մոտից հեռանա, որովհետև սաստիկ ահով էին բռնվել։ Նա, նավ նստելով, վերադարձավ։ Իսկ այն մարդը, որից դևերը դուրս էին ելել, աղաչում էր նրա հետ լինել, բայց Հիսուսը արձակեց նրան ու ասաց. «Վերադարձի՛ր քո տուն ու պատմի՛ր, ինչ որ Աստված քեզ արեց»։ Նա գնաց ու ամբողջ քաղաքում քարոզում էր, ինչ որ Հիսուսն իրեն արեց։ Երբ Հիսուսը վերադարձավ, ժողովուրդը ընդունեց նրան, որովհետև բոլորը սպասում էին նրան։ Եվ ահա մի մարդ եկավ՝ Հայրոս անունով. նա ժողովրդապետ էր։ Հիսուսի ոտքերն ընկնելով՝ աղաչում էր նրան, որ իր տուն մտնի, որովհետև նրա տասներկու տարեկան մինուճար դուստրը մերձիմահ էր։ Երբ Հիսուսը գնում էր, ժողովուրդը նեղում էր նրան։ Մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսության մեջ էր, իր ամբողջ ունեցվածքը բժիշկների վրա ծախսելով՝ չէր կարողացել ոչ մեկի կողմից բուժվել։ Նա հետևից մոտեցավ, Հիսուսի հագուստի քղանցքին դիպավ, և նրա արյունահոսությունն իսկույն դադարեց։ Եվ Հիսուսն ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպավ»։ Քանի որ բոլորը հերքում էին, Պետրոսն ու նրա հետ եղողներն ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է քեզ սեղմում ու նեղում»։ Սակայն Հիսուսն ասաց. «Մեկն ինձ դիպավ, որովհետև ես իմացա, որ ինձանից զորություն դուրս եկավ»։ Եվ երբ կինը տեսավ, որ ծածուկ չմնաց, դողալով եկավ, նրա առաջ ընկավ և ամբողջ ժողովրդի առաջ նրան պատմեց, թե ի՛նչ պատճառով նրան դիպավ ու թե ինչպե՛ս իսկույն բժշկվեց։ Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։ Մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ ու նրան ասաց. «Աղջիկդ մեռավ, վարդապետին նեղություն մի՛ տուր»։ Բայց Հիսուսը, լսելով, նրան պատասխանեց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և կփրկվի»։ Երբ տուն էր մտնում, ոչ ոքի չթողեց իր հետ ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից ու Հովհաննեսից, աղջկա հորից ու մորից։ Բոլորը լալիս էին ու նրա վրա ողբում։ Եվ նա ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև մեռած չէ, այլ քնած»։ Բայց նրան ծաղրում էին, քանզի գիտեին, թե մեռել է։ Իսկ նա, նրա ձեռքից բռնելով, ձայն տվեց և ասաց. «Մանո՛ւկ, վե՛ր կաց»։ Եվ նրա հոգին վերադարձավ, ու նա իսկույն ոտքի կանգնեց։ Հիսուսը հրամայեց նրան ուտելու բան տալ։ Նրա ծնողները զարմացած էին։ Հիսուսը պատվիրեց, որ եղածի մասին ոչ ոքի չասեն։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում