Ղուկաս 7:36-49

Ղուկաս 7:36-49 ՆՎԱԱ

Փարիսեցիներից մեկը նրան խնդրում էր, որ իր հետ հաց ուտի։ Նա, մտնելով փարիսեցու տուն, սեղան նստեց։ Եվ ահա այդ քաղաքում մի մեղավոր կին կար. երբ իմացավ, որ նա փարիսեցու տանը սեղան է նստել, մի ալաբաստրյա շիշ անուշահոտ յուղ բերելով և հետևից նրա ոտքերի մոտ կանգնելով՝ լաց լինելով սկսեց արտասուքով նրա ոտքերը թրջել ու իր գլխի մազերով սրբել. նրա ոտքերն էր համբուրում և յուղով օծում։ Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, այդ տեսնելով, իր մտքում ասաց. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է իրեն դիպչում, որովհետև նա մեղավոր է»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Սիմո՛ն, մի բան ունեմ քեզ ասելու»։ Նա էլ ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Ու ասաց. «Մի փոխատու երկու պարտապան ուներ. մեկը հինգ հարյուր դինար էր պարտք, մյուսը՝ հիսուն։ Եվ երբ սրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց։ Արդ սրանցից ո՞րն ավելի շատ կսիրի նրան, ասա՛»։ Սիմոնն էլ պատասխանեց. «Ինձ այնպես է թվում, թե նա, որին ավելի շատ շնորհվեց»։ Հիսուսն ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։ Եվ դեպի կինը դառնալով՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. ես քո տուն մտա, և դու իմ ոտքերին ջուր չլցրեցիր, բայց սա ոտքերս իր արտասուքներով թրջեց ու իր մազերով սրբեց։ Դու ինձ համբույր չտվեցիր, իսկ սա այստեղ մտնելուցս ի վեր ոտքերս համբուրելուց չդադարեց։ Դու իմ գլուխը յուղով չօծեցիր, իսկ սա իմ ոտքերն անուշահոտ յուղով օծեց։ Դրա համար ասում եմ քեզ. սրա բազում մեղքերը ներված կլինեն, որովհետև շատ սիրեց. բայց ում որ քիչ ներվի, նա քիչ կսիրի»։ Եվ այդ կնոջն ասաց. «Քո մեղքերը ներված են քեզ»։ Նրա հետ սեղան նստողներն սկսեցին իրենց մտքում ասել. «Ո՞վ է սա, որ նույնիսկ մեղքերին է թողություն տալիս»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում