Հովհաննեսին նրա աշակերտներն այս բոլորի մասին պատմեցին։ Հովհաննեսն իր աշակերտներից երկուսին իր մոտ կանչեց, Տիրոջ մոտ ուղարկեց՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու է, թե՞ ուրիշին սպասենք»։ Այդ մարդիկ, նրա մոտ գալով, ասացին. «Հովհաննես Մկրտիչը մեզ քեզ մոտ է ուղարկել և ասում է. "Դո՞ւ ես, որ գալու է, թե՞ ուրիշին սպասենք"»։ Նույն ժամին նա շատերին բժշկեց հիվանդություններից, տառապանքներից ու չար ոգիներից, բազում կույրերի տեսողություն շնորհեց։ Եվ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ տեսաք ու լսեցիք. որ կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրվում են, խուլերը՝ լսում, մեռյալները հարություն են առնում, ու աղքատներին Բարի լուրն է ավետվում։ Եվ երանի՜ նրան, ով իմ պատճառով չի ընկնի»։
Երբ Հովհաննեսի պատգամավորները գնացին, սկսեց ժողովրդին Հովհաննեսի մասին խոսել. «Ի՞նչ տեսնելու համար ելաք անապատ գնացիք՝ քամուց շարժվող մի եղե՞գ։ Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք գնացիք՝ փափուկ զգեստներ հագած մի մարդո՞ւ. ահավասիկ նրանք, ովքեր փառավոր հագուստների ու փափուկ կենցաղի մեջ են, թագավորների պալատներում են։ Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք գնացիք՝ մի մարգարեի՞. այո՛, ասում եմ ձեզ, որ առավել քան մարգարեն։ Դա նա է, ում մասին գրված է.
"Ահա քո առջևից ուղարկում եմ իմ պատգամաբերին,
որպեսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի" ։
Ասում եմ ձեզ, որ կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ մարգարե չկա, բայց Աստծու արքայության մեջ ամենափոքրն ավելի մեծ է, քան նա»։
Երբ ամբողջ բազմությունը, նույնիսկ մաքսավորները, Հովհաննեսին լսեցին, ընդունեցին Աստծու արդարությունը՝ Հովհաննեսի մկրտությամբ մկրտվելով։ Փարիսեցիներն ու օրենսգետները, ընդհակառակը, Հովհաննեսից չմկրտվելով, մերժեցին այն, ինչ Աստված կամենում էր նրանց համար։
«Արդ այս սերնդի մարդկանց ո՞ւմ նմանեցնեմ, ո՞ւմ են նման։ Նման են այն երեխաներին, որոնք նստում են հրապարակներում, միմյանց ձայն են տալիս և ասում.
"Մենք ձեզ համար փող հնչեցրինք, բայց դուք չպարեցիք,
ողբ ասացինք, բայց լաց չեղաք"։
Քանզի Հովհաննես Մկրտիչը եկավ, ո՛չ հաց էր ուտում, ո՛չ էլ գինի խմում, և ասում եք. "Դև ունի"։ Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում, բայց ասում եք. "Ահա ուտող և գինի խմող մի մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ"։ Բայց իմաստությունն արդարացվեց նրա բոլոր որդիների կողմից»։