Ղուկաս 7:1-17

Ղուկաս 7:1-17 ՆՎԱԱ

Երբ Հիսուսը վերջացրեց իր բոլոր խոսքերը ժողովրդին, որ լսում էր, մտավ Կափառնաում։ Մի հարյուրապետի ծառա, որ շատ սիրելի էր նրա համար, հիվանդացել և մերձիմահ էր։ Նա, Հիսուսի մասին լսելով, հրեաների երեցներից ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով նրան, որ գա, իր ծառային փրկի։ Նրանք, Հիսուսի մոտ գալով, նրան թախանձալից խնդրում էին և ասում. «Նա արժանի է, որ այդ նրան անես, որովհետև սիրում է մեր ազգը և ժողովարանը նա՛ կառուցեց մեզ համար»։ Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես։ Դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու։ Այլ՝ խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ Որովհետև ես էլ իշխանության ենթակա մարդ եմ և իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին՝ արի՛, և գալիս է, իմ ծառային՝ այս բա՛նն արա, և անում է»։ Հիսուսը, այս լսելով, նրա վրա զարմացավ, դարձավ իրեն հետևող ժողովրդին ու ասաց. «Ասում եմ ձեզ, որ Իսրայելում անգամ այսպիսի հավատ չգտա»։ Եվ այն ուղարկված մարդիկ տուն վերադարձան ու հիվանդ ծառային բժշկված գտան։ Հետևյալ օրը Հիսուսը գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչվում. նրա հետ գնում էին աշակերտները ու բազում ժողովուրդ։ Եվ երբ մոտեցավ քաղաքի դարպասին, ահա մի մեռել էին դուրս բերում, որ միակ որդին էր իր մոր, և նա այրի էր. քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։ Տերը, նրան տեսնելով, գթաց ու ասաց. «Մի՛ լար»։ Եվ մոտենալով դիպավ դագաղին. դագաղը տանողները կանգնեցին։ Եվ ասաց. «Պատանի՛, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ Մեռելը վեր կացավ, նստեց ու սկսեց խոսել։ Եվ Հիսուսը նրան իր մորը տվեց։ Ահը պատեց բոլորին, և Աստծուն փառավորում էին՝ ասելով. «Մի մեծ մարգարե է մեր մեջ հայտնվել», և «Աստված այցելել է իր ժողովրդին»։ Եվ նրա այս համբավն ամբողջ Հրեաստանով ու նրա շրջակայքով մեկ տարածվեց։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում