Ղուկաս 6:17-49

Ղուկաս 6:17-49 ՆՎԱԱ

Եվ նրանց հետ իջնելով՝ կանգ առավ մի տափարակ տեղ, որտեղ նրա աշակերտների մի մեծ խումբ, ինչպես նաև Հրեաստանից ու Երուսաղեմից, Տյուրոսի ու Սիդովնի ծովեզերքից ժողովրդի մի մեծ բազմություն եկել էին նրան լսելու և իրենց հիվանդություններից բժշկվելու։ Եվ պիղծ ոգիներից տառապողները բժշկվում էին։ Ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետև նրանից զորություն էր դուրս գալիս ու բժշկում էր բոլորին։ Հիսուսն աչքերը դեպի իր աշակերտները բարձրացրեց ու ասաց. «Երանի՜ աղքատներիդ, որովհետև ձերն է Աստծու արքայությունը։ Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են այժմ, որովհետև պիտի հագենաք։ Երանի՜ նրանց, ովքեր լալիս են այժմ, որովհետև պիտի ծիծաղեք։ Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն, երբ ձեզ մերժեն ու նախատեն և Մարդու Որդու պատճառով ձեր անունը վարկաբեկեն։ Այդ օրն ուրա՛խ եղեք ու ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում, որովհետև մարգարեների հանդեպ նրանց հայրերը նույն կերպ էին վարվում։ Բայց վա՛յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունն արդեն ստացել եք։ Վա՛յ ձեզ, որ այժմ հագեցած եք, որովհետև քաղցելու եք։ Վա՛յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք և լացեք։ Վա՛յ ձեզ, երբ բոլոր մարդիկ ձեր մասին բարի խոսեն, որովհետև սուտ մարգարեներին նրանց հայրերն այդպես էին անում։ Բայց ասում եմ ձեզ, դուք, որ լսում եք. սիրե՛ք ձեր թշնամիներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին։ Օրհնե՛ք ձեզ անիծողներին, աղոթե՛ք ձեզ նեղողների համար։ Քո մի երեսին խփողին մյո՛ւսն էլ մոտեցրու. նրան, ով քո վերարկուն վրայիցդ հանում է, մի՛ արգելիր նրան շապիկդ էլ վերցնել։ Ամենքին, ով քեզանից ուզում է, տո՛ւր, քեզնից վերցնողից էլ հետ մի՛ պահանջիր։ Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դո՛ւք արեք նրանց։ Եվ եթե դուք ձեզ սիրողների՛ն սիրեք, ո՞րն է ձեր արած շնորհը, քանի որ մեղավորներն էլ են իրենց սիրողներին սիրում։ Եվ եթե ձեր բարերարների՛ն բարիք անեք, ո՞րն է ձեր արած շնորհը, քանի որ մեղավորներն էլ են նույնն անում։ Եվ եթե փոխ եք տալիս նրանց, որոնցից ակնկալում եք հետ առնել, ո՞րն է ձեր արած շնորհը, քանի որ մեղավորներն էլ են մեղավորներին փոխ տալիս, որպեսզի հավասար չափով հետ առնեն։ Բայց դուք սիրե՛ք ձեր թշնամիներին, բարի՛ք գործեք և ոչինչ չակնկալելո՛վ փոխ տվեք, ու ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա գթառատ է ապերախտների ու չարերի հանդեպ։ Ուրեմն ողորմա՛ծ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է ողորմած։ Եվ մի՛ դատեք ու չեք դատվի, մի՛ պատժեք ու չեք պատժվի, ներե՛ք և ներված կլինեք։ Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի»։ Նրանց մի առակ էլ ասաց. «Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն։ Աշակերտն իր ուսուցչից բարձր չէ, բայց կատարյալ դարձած ամեն ոք իր ուսուցչի պես կլինի։ Եվ ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ "Եղբա՛յր, թող քո աչքի միջի շյուղը հանեմ", բայց քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և հետո լավ կտեսնես, թե ինչպես քո եղբոր աչքից շյուղը հանես։ Որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա, ոչ էլ չար ծառ, որ բարի պտուղ տա։ Քանզի յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում. որովհետև փշերից թուզ չեն քաղում, ոչ էլ մորենուց խաղող են հավաքում։ Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարին է բխեցնում, իսկ չար մարդն իր սրտի չար կուտակվածից չարն է բխեցնում, որովհետև բերանը սրտի կուտակվածից է խոսում։ Եվ ինչո՞ւ եք ինձ "Տե՛ր, Տե՛ր" կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ։ Ամեն ոք, ով ինձ մոտ է գալիս ու իմ խոսքերը լսում և դրանք կատարում, ցույց կտամ ձեզ, թե ո՛ւմ է նման։ Նման է տուն կառուցող մի մարդու, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը ժայռի վրա դրեց։ Երբ հեղեղ եղավ, գետը խփեց տանը, բայց չկարողացավ շարժել այն, որովհետև լավ էր կառուցված։ Բայց նա, ով լսում է և չի կատարում, նման է մի մարդու, որ տուն է կառուցում հողի վրա առանց հիմքի. գետը խփեց, և այն իսկույն փլվեց, և այդ տան կործանումը մեծ եղավ»։