Ղուկաս 3:1-23

Ղուկաս 3:1-23 ՆՎԱԱ

Տիբերիոս կայսեր կառավարման տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, և Հերովդեսը՝ Գալիլեայի չորրորդապետը, նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետն իտուրացիների և տրաքոնացիների երկրում, Լյուսանիասը՝ չորրորդապետն Աբիլենեի, Աննասի ու Կայիափայի քահանայապետության օրերին, Աստծու խոսքը եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում։ Նա եկավ Հորդանանի բոլոր կողմերը՝ մեղքերի թողության համար ապաշխարության մկրտությունը քարոզելով, ինչպես գրված է Եսայի մարգարեի պատգամների գրքում, որ ասում է. «Անապատում կանչողի ձայնն է. "Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը, ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները։ Ամեն ձոր թող լցվի, և ամեն լեռ ու բլուր խոնարհվեն. շեղ ճանապարհները թող ուղիղ լինեն, և խորդուբորդները՝ հարթ դառնան։ Եվ ամեն մարդ Աստծու փրկությունը կտեսնի"» ։ Եվ ժողովրդի այն բազմություններին, որոնք դուրս էին եկել նրանից մկրտվելու, ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել գալիք բարկությունից։ Արդ ապաշխարության արժանի պտուղնե՛ր արարեք ու մի՛ սկսեք ձեր մեջ ասել. "Մենք Աբրահամին մեզ հայր ունենք"։ Որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված այս քարերից կարող է Աբրահամի համար որդիներ դուրս բերել։ Բայց արդեն կացինն էլ ծառերի արմատին է հասել. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կկտրվի ու կրակը կգցվի»։ Եվ ժողովուրդը նրան հարցնում էր. «Հապա ի՞նչ անենք»։ Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Ով երկու հագուստ ունի, մեկը թող չունեցողին տա, և ով ուտելիք ունի, թող նույնն անի»։ Մաքսավորները եկան մկրտվելու ու նրան ասացին. «Վարդապե՛տ, մենք ի՞նչ անենք»։ Նա ասաց նրանց. «Ձեզ հրամայվածից ավելին մի՛ պահանջեք»։ Զինվորներն էլ էին նրան հարցնում. «Հապա մե՞նք ինչ անենք»։ Նրանց էլ ասաց. «Ոչ մեկի մի՛ հարստահարեք, ոչ էլ զրպարտություն արեք. ձեր վարձո՛վ բավարարվեք»։ Ժողովուրդը սպասման մեջ էր, և բոլորն իրենց սրտում մտածում էին Հովհաննեսի մասին. «Գուցե Քրիստոսը նա՞ է»։ Հովհաննեսը բոլորին ասաց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից ավելի զորավորն է գալիս, որի կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ. նա ձեզ Սուրբ Հոգով ու կրակով կմկրտի։ Հոսելին իր ձեռքին է, և նա իր կալը կսրբի, ցորենն իր ամբարի մեջ կհավաքի, իսկ հարդն անշեջ հրով կայրի»։ Եվ ուրիշ շատ բաներ հորդորելով քարոզում էր ժողովրդին։ Բայց Հերովդես չորրորդապետը, որ Հովհաննեսի կողմից հանդիմանվել էր իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի համար և բոլոր չար գործերի համար, որ արել էր, այդ ամենին սա էլ ավելացրեց. Հովհաննեսին բանտում փակեց։ Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսն էլ մկրտվեց և երբ աղոթում էր, երկինքը բացվեց, և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի իջավ նրա վրա, և երկնքից ձայն եղավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։ Երբ Հիսուսը իր գործն սկսեց, երեսուն տարեկան էր, և ինչպես կարծվում էր, որդին էր Հովսեփի, Հեղիի

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում