Ղուկաս 24:35-48

Ղուկաս 24:35-48 ՆՎԱԱ

Նրանք էլ պատմում էին այն, ինչ եղավ ճանապարհին, ու թե ինչպե՛ս իրեն ճանաչել տվեց նրանց՝ հաց կտրելու ժամանակ։ Եվ երբ նրանք այս էին խոսում, Հիսուսն ինքը կանգնեց նրանց մեջ ու ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ Նրանք զարհուրելով ու վախենալով կարծում էին, թե ոգի են տեսնում։ Բայց նա ասաց նրանց. «Ինչո՞ւ եք շփոթվել, ինչո՞ւ են ձեր սրտերում կասկածներ առաջանում։ Տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև ես ինքս եմ. շոշափե՛ք ինձ ու տեսե՛ք, որովհետև ոգին մարմին ու ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»։ Այս ասելով՝ նրանց ցույց տվեց ձեռքերն ու ոտքերը։ Եվ քանի որ ուրախությունից դեռ չէին հավատում ու զարմացած էին, նրանց ասաց. «Այստեղ ուտելիք ունե՞ք»։ Նրանք խորոված ձկան կտոր տվեցին նրան ու մեղրախորիսխ։ Եվ վերցնելով՝ նրանց առաջ կերավ։ Եվ նրանց ասաց. «Սրանք են այն խոսքերը, որ խոսեցի ձեզ հետ, քանի դեռ ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն Մովսեսի օրենքում, մարգարեների գրքերում ու սաղմոսներում իմ մասին բոլոր գրվածները»։ Այն ժամանակ նրանց միտքը բացեց, որ Սուրբ Գիրքը հասկանան։ Եվ նրանց ասաց. «Գրված է. այսպես պետք է Քրիստոսը չարչարվեր ու երրորդ օրը մեռելներից հարություն առներ, և նրա անունով, Երուսաղեմից սկսած, բոլոր ազգերի մեջ ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր։ Դուք էլ վկաներն եք այս բաների։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում