Ղուկաս 24:13-33

Ղուկաս 24:13-33 ՆՎԱԱ

Այդ նույն օրը նրանցից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունը Էմմաուս էր, որը Երուսաղեմից վաթսուն ասպարեզ էր հեռու։ Նրանք միմյանց հետ խոսում էին այդ բոլոր պատահած բաների մասին։ Եվ երբ նրանք խոսում ու վիճում էին, ինքը՝ Հիսուսը, մոտեցավ ու նրանց հետ գնում էր։ Բայց նրանց աչքերը բռնված էին, որպեսզի նրան չճանաչեին։ Եվ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որ քայլելիս միմյանց հետ վիճում եք ու տրտմած եք»։ Եվ նրանցից մեկը՝ Կղեոպաս անունով, պատասխանեց ու նրան ասաց. «Դու մենա՞կ ես Երուսաղեմում ապրում և չգիտես այս օրերին այնտեղ պատահածների մասին»։ Եվ նա ասաց նրանց. «Ո՞ր բաները»։ Նրանք էլ ասացին. «Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր՝ զորավոր գործերով Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ։ Ինչպե՛ս մեր քահանայապետներն ու իշխանավորները նրան մահվան դատապարտեցին և խաչը հանեցին։ Իսկ մենք հույս ունեինք, թե նա է փրկելու Իսրայելը. բայց այս ամենով հանդերձ՝ այս երրորդ օրն է, ինչ այս բաները եղան։ Սակայն մեր միջից մի քանի կանայք էլ, որ վաղ առավոտյան գերեզման էին գնացել, մեզ զարմացրին։ Նրա մարմինը չգտնելով՝ եկան ու ասացին, որ հրեշտակների տեսիլք են տեսել, որոնք ասում էին, թե նա ողջ է։ Մեզանից ոմանք գերեզման գնացին և հենց այնպես գտան, ինչպես որ ասել էին կանայք, բայց նրան չտեսան»։ Եվ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտներ և թուլասիրտներ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, ինչ որ մարգարեները ասացին։ Չէ՞ որ Քրիստոսը պետք է այս չարչարանքները կրեր ու փառքի մեջ մտներ»։ Եվ սկսելով Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ նրանց բացատրում էր այն ամենը, ինչ Սուրբ Գրքում իր մասին գրված էր։ Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուսը ձևացրեց, թե ավելի հեռու տեղ է գնում։ Եվ նրանք ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ հե՛տ մնա, որովհետև երեկոյան դեմ է, օրն էլ վերջանում է»։ Եվ նա գյուղ մտավ, որ նրանց հետ մնա։ Եվ երբ նրանց հետ սեղան նստեց, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց ու նրանց տվեց։ Եվ նրանց աչքերը բացվեցին, ու նրան ճանաչեցին, և նա աներևութացավ նրանցից։ Եվ միմյանց ասացին. «Չէ՞ որ մեր սրտերը մեր մեջ վառվում էին, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր և Սուրբ Գիրքն էր մեզ բացատրում»։ Նույն պահին վեր կացան, վերադարձան Երուսաղեմ և հավաքված գտան տասնմեկին ու նրանց հետ եղողներին։