Բայց միաշաբաթի օրը՝ վաղ առավոտյան, կանայք գերեզման եկան ու այն խունկերը բերեցին, որ պատրաստել էին. ուրիշ կանայք էլ էին նրանց հետ։ Եվ քարը գերեզմանից մի կողմ գլորված գտան։ Երբ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Եվ երբ դրա վրա շփոթվել էին, ահա նրանց հայտնվեցին երկու մարդ՝ լուսավոր զգեստներով։ Երբ նրանք զարհուրեցին ու երեսները գետին խոնարհեցին, նրանց ասացին. «Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում։ Այստեղ չէ, այլ հարություն է առել։ Հիշե՛ք՝ նա ձեզ հետ ինչպե՛ս խոսեց, երբ Գալիլեայում էր։ Ասում էր, որ Մարդու Որդին պետք է մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»։
Եվ նրա խոսքերը հիշեցին։ Գերեզմանից վերադարձան ու այս բոլոր բաները պատմեցին տասնմեկին և բոլոր մյուսներին։ Եվ նրանք էին Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբոսի մայր Մարիամն ու նրանց հետ ուրիշներ էլ, որոնք այս բաները պատմում էին առաքյալներին։ Եվ նրանց խոսքերը սրանց ականջին ցնորք թվացին, և նրանց չէին հավատում։ Բայց Պետրոսը վեր կացավ, գերեզման վազեց ու կռանալով՝ կտավներն առանձին դրված տեսավ. և տուն գնաց՝ տեղի ունեցածի վրա իր մտքում զարմանալով։
Այդ նույն օրը նրանցից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունը Էմմաուս էր, որը Երուսաղեմից վաթսուն ասպարեզ էր հեռու։ Նրանք միմյանց հետ խոսում էին այդ բոլոր պատահած բաների մասին։ Եվ երբ նրանք խոսում ու վիճում էին, ինքը՝ Հիսուսը, մոտեցավ ու նրանց հետ գնում էր։ Բայց նրանց աչքերը բռնված էին, որպեսզի նրան չճանաչեին։ Եվ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որ քայլելիս միմյանց հետ վիճում եք ու տրտմած եք»։ Եվ նրանցից մեկը՝ Կղեոպաս անունով, պատասխանեց ու նրան ասաց. «Դու մենա՞կ ես Երուսաղեմում ապրում և չգիտես այս օրերին այնտեղ պատահածների մասին»։ Եվ նա ասաց նրանց. «Ո՞ր բաները»։ Նրանք էլ ասացին. «Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր՝ զորավոր գործերով Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ։ Ինչպե՛ս մեր քահանայապետներն ու իշխանավորները նրան մահվան դատապարտեցին և խաչը հանեցին։ Իսկ մենք հույս ունեինք, թե նա է փրկելու Իսրայելը. բայց այս ամենով հանդերձ՝ այս երրորդ օրն է, ինչ այս բաները եղան։ Սակայն մեր միջից մի քանի կանայք էլ, որ վաղ առավոտյան գերեզման էին գնացել, մեզ զարմացրին։ Նրա մարմինը չգտնելով՝ եկան ու ասացին, որ հրեշտակների տեսիլք են տեսել, որոնք ասում էին, թե նա ողջ է։ Մեզանից ոմանք գերեզման գնացին և հենց այնպես գտան, ինչպես որ ասել էին կանայք, բայց նրան չտեսան»։ Եվ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտներ և թուլասիրտներ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, ինչ որ մարգարեները ասացին։ Չէ՞ որ Քրիստոսը պետք է այս չարչարանքները կրեր ու փառքի մեջ մտներ»։ Եվ սկսելով Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ նրանց բացատրում էր այն ամենը, ինչ Սուրբ Գրքում իր մասին գրված էր։
Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուսը ձևացրեց, թե ավելի հեռու տեղ է գնում։ Եվ նրանք ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ հե՛տ մնա, որովհետև երեկոյան դեմ է, օրն էլ վերջանում է»։ Եվ նա գյուղ մտավ, որ նրանց հետ մնա։ Եվ երբ նրանց հետ սեղան նստեց, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց ու նրանց տվեց։ Եվ նրանց աչքերը բացվեցին, ու նրան ճանաչեցին, և նա աներևութացավ նրանցից։ Եվ միմյանց ասացին. «Չէ՞ որ մեր սրտերը մեր մեջ վառվում էին, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր և Սուրբ Գիրքն էր մեզ բացատրում»։
Նույն պահին վեր կացան, վերադարձան Երուսաղեմ և հավաքված գտան տասնմեկին ու նրանց հետ եղողներին։ Նրանք ասում էին. «Արդարև Տերը հարություն է առել ու երևացել է Սիմոնին»։ Նրանք էլ պատմում էին այն, ինչ եղավ ճանապարհին, ու թե ինչպե՛ս իրեն ճանաչել տվեց նրանց՝ հաց կտրելու ժամանակ։
Եվ երբ նրանք այս էին խոսում, Հիսուսն ինքը կանգնեց նրանց մեջ ու ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ Նրանք զարհուրելով ու վախենալով կարծում էին, թե ոգի են տեսնում։ Բայց նա ասաց նրանց. «Ինչո՞ւ եք շփոթվել, ինչո՞ւ են ձեր սրտերում կասկածներ առաջանում։ Տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև ես ինքս եմ. շոշափե՛ք ինձ ու տեսե՛ք, որովհետև ոգին մարմին ու ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»։ Այս ասելով՝ նրանց ցույց տվեց ձեռքերն ու ոտքերը։ Եվ քանի որ ուրախությունից դեռ չէին հավատում ու զարմացած էին, նրանց ասաց. «Այստեղ ուտելիք ունե՞ք»։ Նրանք խորոված ձկան կտոր տվեցին նրան ու մեղրախորիսխ։ Եվ վերցնելով՝ նրանց առաջ կերավ։ Եվ նրանց ասաց. «Սրանք են այն խոսքերը, որ խոսեցի ձեզ հետ, քանի դեռ ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն Մովսեսի օրենքում, մարգարեների գրքերում ու սաղմոսներում իմ մասին բոլոր գրվածները»։ Այն ժամանակ նրանց միտքը բացեց, որ Սուրբ Գիրքը հասկանան։ Եվ նրանց ասաց. «Գրված է. այսպես պետք է Քրիստոսը չարչարվեր ու երրորդ օրը մեռելներից հարություն առներ, և նրա անունով, Երուսաղեմից սկսած, բոլոր ազգերի մեջ ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր։ Դուք էլ վկաներն եք այս բաների։ Ահա ես իմ Հոր խոստումը ձեզ եմ ուղարկում, իսկ դուք նստե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերևից զորություն ստանաք»։
Եվ նրանց մինչև Բեթանիա հանեց և ձեռքերը բարձրացնելով՝ օրհնեց նրանց։ Եվ մինչ նրանց օրհնում էր, բաժանվեց նրանցից ու երկինք էր բարձրանում։ Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ։ Եվ ամեն ժամ տաճարում էին. Աստծուն էին գովաբանում և օրհնում։ Ամեն։