Ղուկաս 24:1-12

Ղուկաս 24:1-12 ՆՎԱԱ

Բայց միաշաբաթի օրը՝ վաղ առավոտյան, կանայք գերեզման եկան ու այն խունկերը բերեցին, որ պատրաստել էին. ուրիշ կանայք էլ էին նրանց հետ։ Եվ քարը գերեզմանից մի կողմ գլորված գտան։ Երբ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Եվ երբ դրա վրա շփոթվել էին, ահա նրանց հայտնվեցին երկու մարդ՝ լուսավոր զգեստներով։ Երբ նրանք զարհուրեցին ու երեսները գետին խոնարհեցին, նրանց ասացին. «Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում։ Այստեղ չէ, այլ հարություն է առել։ Հիշե՛ք՝ նա ձեզ հետ ինչպե՛ս խոսեց, երբ Գալիլեայում էր։ Ասում էր, որ Մարդու Որդին պետք է մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»։ Եվ նրա խոսքերը հիշեցին։ Գերեզմանից վերադարձան ու այս բոլոր բաները պատմեցին տասնմեկին և բոլոր մյուսներին։ Եվ նրանք էին Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբոսի մայր Մարիամն ու նրանց հետ ուրիշներ էլ, որոնք այս բաները պատմում էին առաքյալներին։ Եվ նրանց խոսքերը սրանց ականջին ցնորք թվացին, և նրանց չէին հավատում։ Բայց Պետրոսը վեր կացավ, գերեզման վազեց ու կռանալով՝ կտավներն առանձին դրված տեսավ. և տուն գնաց՝ տեղի ունեցածի վրա իր մտքում զարմանալով։

Video for Ղուկաս 24:1-12