Ղուկաս 23:32-49

Ղուկաս 23:32-49 ՆՎԱԱ

Ուրիշ երկու չարագործների էլ էին տանում, որպեսզի նրա հետ սպանեն։ Եվ երբ այն տեղը եկան, որ Գագաթ էր կոչվում, այնտեղ նրան խաչեցին. և չարագործներին էլ. մեկին՝ աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը։ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։ Իսկ ժողովուրդը կանգնած նայում էր։ Իշխանավորներն էլ ծաղրում էին ու ասում. «Ուրիշներին փրկեց, թող իրեն էլ փրկի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալը»։ Զինվորներն էլ էին նրան ծաղրում. մոտ գալով՝ նրան քացախ էին տալիս ու ասում. «Եթե հրեաների թագավորը դու ես, ինքդ քեզ փրկի՛ր»։ Նրա վերևում մի գիր կար՝ հունարեն, լատիներեն ու եբրայերեն տառերով՝ «ԱՅՍ Է ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։ Եվ կախված այն չարագործներից մեկը նրան հայհոյում էր ու ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»։ Իսկ մյուսը պատասխանեց՝ նրան հանդիմանելով, ու ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ Մեզ համար արդարացի է, քանզի արժանի հատուցումն ենք ստանում մեր կատարած գործերի համար, իսկ սա ոչ մի վատ բան չի արել»։ Եվ Հիսուսին ասաց. «Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությամբ գաս»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես»։ Վեցերորդ ժամին մոտ էր. և ամբողջ երկրի վրա խավար եղավ մինչև իններորդ ժամը։ Եվ արեգակը խավարեց, ու տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց։ Եվ Հիսուսը բարձրաձայն կանչեց ու ասաց. «Հա՛յր, հոգիս քո ձեռքն եմ ավանդում» ։ Այս ասելով՝ հոգին ավանդեց։ Հարյուրապետը, տեղի ունեցածը տեսնելով, Աստծուն փառք տվեց ու ասաց. «Հիրավի՜ այս մարդն արդար էր»։ Եվ ամբողջ ժողովուրդը, որ այս տեսարանը դիտելու համար էր եկել, եղած բաները տեսնելով, ծեծում էր կուրծքը և վերադառնում։ Նրա բոլոր ծանոթները կանգնել էին հեռվում, նաև այն կանայք, որոնք Գալիլեայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում