Ղուկաս 23:26-56

Ղուկաս 23:26-56 ՆՎԱԱ

Եվ երբ նրան տանում էին, Սիմոն Կյուրենացի անունով մեկին բռնեցին, որ արտից էր գալիս. խաչը նրա վրա դրեցին, որ Հիսուսի հետևից տանի։ Նրա հետևից ժողովրդի և կանանց մեծ բազմություն էր գնում, որոնք կոծում ու ողբում էին նրան։ Հիսուսը դարձավ նրանց ու ասաց. «Երուսաղեմի՛ դուստրեր, ինձ վրա լաց մի՛ եղեք, այլ ձե՛զ և ձեր զավակների՛ վրա լաց եղեք։ Որովհետև ահա օրեր կգան, երբ կասեն. "Երանի՜ ամուլներին ու այն որովայններին, որոնք չծնեցին, և այն ստինքներին, որ չսնեցին"։ Այն ժամանակ կսկսեն լեռներին ասել՝ "Մեզ վրա՛ ընկեք", ու բլուրներին՝ "Ծածկե՛ք մեզ" ։ Որովհետև եթե դալար փայտին են այսպես անում, ապա չորին ի՜նչ կլինի»։ Ուրիշ երկու չարագործների էլ էին տանում, որպեսզի նրա հետ սպանեն։ Եվ երբ այն տեղը եկան, որ Գագաթ էր կոչվում, այնտեղ նրան խաչեցին. և չարագործներին էլ. մեկին՝ աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը։ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։ Իսկ ժողովուրդը կանգնած նայում էր։ Իշխանավորներն էլ ծաղրում էին ու ասում. «Ուրիշներին փրկեց, թող իրեն էլ փրկի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալը»։ Զինվորներն էլ էին նրան ծաղրում. մոտ գալով՝ նրան քացախ էին տալիս ու ասում. «Եթե հրեաների թագավորը դու ես, ինքդ քեզ փրկի՛ր»։ Նրա վերևում մի գիր կար՝ հունարեն, լատիներեն ու եբրայերեն տառերով՝ «ԱՅՍ Է ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։ Եվ կախված այն չարագործներից մեկը նրան հայհոյում էր ու ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»։ Իսկ մյուսը պատասխանեց՝ նրան հանդիմանելով, ու ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ Մեզ համար արդարացի է, քանզի արժանի հատուցումն ենք ստանում մեր կատարած գործերի համար, իսկ սա ոչ մի վատ բան չի արել»։ Եվ Հիսուսին ասաց. «Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությամբ գաս»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես»։ Վեցերորդ ժամին մոտ էր. և ամբողջ երկրի վրա խավար եղավ մինչև իններորդ ժամը։ Եվ արեգակը խավարեց, ու տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց։ Եվ Հիսուսը բարձրաձայն կանչեց ու ասաց. «Հա՛յր, հոգիս քո ձեռքն եմ ավանդում» ։ Այս ասելով՝ հոգին ավանդեց։ Հարյուրապետը, տեղի ունեցածը տեսնելով, Աստծուն փառք տվեց ու ասաց. «Հիրավի՜ այս մարդն արդար էր»։ Եվ ամբողջ ժողովուրդը, որ այս տեսարանը դիտելու համար էր եկել, եղած բաները տեսնելով, ծեծում էր կուրծքը և վերադառնում։ Նրա բոլոր ծանոթները կանգնել էին հեռվում, նաև այն կանայք, որոնք Գալիլեայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները։ Եվ ահա մի մարդ կար, անունը՝ Հովսեփ, որ խորհրդի անդամ էր, բարի և արդար մարդ (սա նրանց մտադրության ու գործերի հետ համաձայնության չէր եկել). հրեաների Արիմաթեա քաղաքից էր և ինքն էլ էր սպասում Աստծու արքայությանը։ Նա Պիղատոսի մոտ գնաց և Հիսուսի մարմինը խնդրեց։ Եվ նրան ցած իջեցնելով՝ կտավով պատանեց ու վիմափոր գերեզմանի մեջ դրեց, ուր երբեք ոչ մի մարդ չէր դրվել։ Օրն ուրբաթ էր. շաբաթն էր լուսանում։ Եվ այն կանայք, որ Գալիլեայից նրա հետ էին եկել, հետևեցին Հովսեփին, տեսան գերեզմանը, և թե ինչպես նրա մարմինը այնտեղ դրվեց։ Վերադարձան, խունկեր և յուղեր պատրաստեցին, բայց շաբաթ օրը, պատվիրանի համաձայն, հանգստացան։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում