Ղուկաս 22:7-23

Ղուկաս 22:7-23 ՆՎԱԱ

Եվ եկավ Բաղարջակերաց տոնը, երբ պետք էր զատկական գառը մորթել։ Հիսուսը Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեց ու ասաց. «Գնացե՛ք, մեզ համար զատկական ընթրիքը պատրաստե՛ք, որ ուտենք»։ Նրանք ասացին. «Որտե՞ղ ես կամենում, որ պատրաստենք»։ Նա էլ ասաց նրանց. «Ահա երբ քաղաք մտնեք, ձեզ մի մարդ կպատահի, որ ջրի կուժ է տանում. գնացե՛ք նրա հետևից այն տունը, ուր ինքը կմտնի։ Եվ տանտիրոջն ասե՛ք. "Վարդապետը քեզ ասում է. "Որտե՞ղ է այն օթևանը, ուր ես իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ"։ Եվ նա ձեզ հարդարված մի մեծ վերնատուն ցույց կտա. այնտեղ էլ կպատրաստեք»։ Նրանք գնացին, գտան, ինչպես որ իրենց ասել էր, ու զատկական ընթրիքը պատրաստեցին։ Երբ ժամը հասավ, նա սեղան նստեց, տասներկու առաքյալներն էլ՝ նրա հետ։ Նրանց ասաց. «Շատ ցանկացա իմ չարչարվելուց առաջ այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել։ Որովհետև, ասում եմ ձեզ, սրանից այլևս երբեք չեմ ուտելու, մինչև որ այն կատարվի Աստծու արքայության մեջ»։ Եվ բաժակը վերցրեց, գոհություն հայտնեց ու ասաց. «Առե՛ք դա ու ձեր մեջ բաժանե՛ք։ Քանզի, ասում եմ ձեզ, որթատունկի բերքից այլևս չեմ խմելու, մինչև որ Աստծու արքայությունը չգա»։ Եվ հացը վերցնելով՝ գոհություն հայտնեց, կտրեց ու նրանց տվեց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում. այս արե՛ք ի հիշատակ ինձ»։ Նույն կերպ էլ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։ Սակայն ահա ինձ մատնողի ձեռքն ինձ հետ սեղանի վրա է։ Մարդու Որդին գնում է, ինչպես որ սահմանված է. բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի»։ Եվ նրանք սկսեցին իրար մեջ հարցնել, թե արդյոք իրենցից ո՛վ է, որ անելու է այդ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում