Ղուկաս 22:24-34

Ղուկաս 22:24-34 ՆՎԱԱ

Նրանց մեջ նաև վեճ ծագեց, թե իրենցից ո՛վ է մեծ համարվելու։ Հիսուսն ասաց նրանց. «Ազգերի թագավորները տիրում են նրանց վրա, և նրանց վրա իշխանություն անողները բարերար են կոչվում։ Բայց դուք այդպես չլինեք, այլ ձեր միջի մեծը թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի պես։ Որովհետև ո՞վ է մեծ՝ սեղան նստո՞ղը, թե՞ սպասավորը. չէ՞ որ սեղան նստողը։ Բայց ես ձեր մեջ սպասավորի պես եմ։ Եվ դուք եք, որ իմ փորձությունների ժամանակ միշտ ինձ հետ էիք մնում։ Եվ ես խոստանում եմ ձեզ, ինչպես որ իմ Հայրն էլ ինձ խոստացավ տալ արքայությունը, որ իմ արքայության մեջ իմ սեղանին կուտեք ու կխմեք և կնստեք աթոռներին՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու»։ Եվ Տերն ասաց. «Սիմո՜ն, Սիմո՜ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի պես մաղել։ Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի. իսկ դու երբ այն վերագտնես, եղբայրներիդ հաստատո՛ւն պահիր»։ Նա էլ նրան ասաց. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտ ու նույնիսկ մահվան գնալու»։ Եվ նա ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս, որ ինձ ճանաչում ես»։

Video for Ղուկաս 22:24-34