Ղուկաս 22:14-38

Ղուկաս 22:14-38 ՆՎԱԱ

Երբ ժամը հասավ, նա սեղան նստեց, տասներկու առաքյալներն էլ՝ նրա հետ։ Նրանց ասաց. «Շատ ցանկացա իմ չարչարվելուց առաջ այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել։ Որովհետև, ասում եմ ձեզ, սրանից այլևս երբեք չեմ ուտելու, մինչև որ այն կատարվի Աստծու արքայության մեջ»։ Եվ բաժակը վերցրեց, գոհություն հայտնեց ու ասաց. «Առե՛ք դա ու ձեր մեջ բաժանե՛ք։ Քանզի, ասում եմ ձեզ, որթատունկի բերքից այլևս չեմ խմելու, մինչև որ Աստծու արքայությունը չգա»։ Եվ հացը վերցնելով՝ գոհություն հայտնեց, կտրեց ու նրանց տվեց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում. այս արե՛ք ի հիշատակ ինձ»։ Նույն կերպ էլ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։ Սակայն ահա ինձ մատնողի ձեռքն ինձ հետ սեղանի վրա է։ Մարդու Որդին գնում է, ինչպես որ սահմանված է. բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի»։ Եվ նրանք սկսեցին իրար մեջ հարցնել, թե արդյոք իրենցից ո՛վ է, որ անելու է այդ։ Նրանց մեջ նաև վեճ ծագեց, թե իրենցից ո՛վ է մեծ համարվելու։ Հիսուսն ասաց նրանց. «Ազգերի թագավորները տիրում են նրանց վրա, և նրանց վրա իշխանություն անողները բարերար են կոչվում։ Բայց դուք այդպես չլինեք, այլ ձեր միջի մեծը թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի պես։ Որովհետև ո՞վ է մեծ՝ սեղան նստո՞ղը, թե՞ սպասավորը. չէ՞ որ սեղան նստողը։ Բայց ես ձեր մեջ սպասավորի պես եմ։ Եվ դուք եք, որ իմ փորձությունների ժամանակ միշտ ինձ հետ էիք մնում։ Եվ ես խոստանում եմ ձեզ, ինչպես որ իմ Հայրն էլ ինձ խոստացավ տալ արքայությունը, որ իմ արքայության մեջ իմ սեղանին կուտեք ու կխմեք և կնստեք աթոռներին՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու»։ Եվ Տերն ասաց. «Սիմո՜ն, Սիմո՜ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի պես մաղել։ Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի. իսկ դու երբ այն վերագտնես, եղբայրներիդ հաստատո՛ւն պահիր»։ Նա էլ նրան ասաց. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտ ու նույնիսկ մահվան գնալու»։ Եվ նա ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս, որ ինձ ճանաչում ես»։ Եվ նրանց ասաց. «Երբ ձեզ առանց քսակի, մախաղի ու կոշիկների ուղարկեցի, մի՞թե որևէ բանի կարոտ եղաք»։ Նրանք էլ ասացին՝ ոչնչի։ Ապա նրանց ասաց. «Բայց հիմա քսակ ունեցողը թող իր հետ վերցնի, նույնը թող անի նաև մախաղ ունեցողը, իսկ չունեցողը թող իր հագուստը վաճառի և իր համար սուր գնի։ Որովհետև, ասում եմ ձեզ, այս գրվածքն էլ պետք է իմ հանդեպ կատարվի՝ "Անօրենների շարքը դասվեց" . որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվում է»։ Նրանք ասացին. «Տե՛ր, ահա այստեղ երկու սուր կա»։ Եվ ասաց նրանց՝ բավական են։

Ղուկաս 22:14-38 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում