Ղուկաս 20:20-40

Ղուկաս 20:20-40 ՆՎԱԱ

Եվ դարանամուտ լինելով՝ լրտեսներ ուղարկեցին, որոնք արդար էին ձևանում, որպեսզի նրան խոսքով բռնեին՝ նրան կուսակալի իշխանությանը մատնելու համար։ Եվ նրան հարցրին ու ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ շիտակ ես խոսում ու ուսուցանում և երեսպաշտություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում։ Օրինավո՞ր է մեզ կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։ Նրանց խորամանկությունը հասկանալով՝ նրանց ասաց. «Ցո՛ւյց տվեք ինձ դինարը։ Ո՞ւմ պատկերն ու գիրն ունի սա»։ Պատասխանեցին. «Կայսրի»։ Եվ նա ասաց նրանց. «Ուրեմն կայսրինը կայսրի՛ն տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Եվ չկարողացան ժողովրդի առաջ նրան խոսքով բռնել ու նրա պատասխանի վրա զարմանալով՝ լռեցին։ Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակվում են՝ ասելով, թե հարություն գոյություն չունի, նրան հարցրին ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսը մեզ գրել է. "Եթե մեկի կին ունեցող եղբայրն անզավակ մեռնի, նրա եղբայրը թող այդ կնոջն առնի և իր եղբոր համար զավակ բերի" ։ Արդ, յոթ եղբայրներ կային. առաջինը կին առավ ու առանց զավակի մեռավ։ Եվ երկրորդն առավ այն կնոջը, նա էլ առանց զավակի մեռավ։ Երրորդն էլ նրան առավ. այսպես այն յոթն էլ զավակներ չթողեցին ու մեռան։ Վերջում այն կինն էլ մեռավ։ Արդ հարության ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կլինի. չէ՞ որ այն յոթն էլ նրան կին առան»։ Եվ Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Այս աշխարհի մարդիկ են կին առնում ու մարդու գնում։ Իսկ նրանք, որոնք արժանի կլինեն մեռելներից հարություն առնելու և նոր աշխարհում ապրելու, ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդու կգնան։ Եվ ոչ էլ կարող են մեռնել, որովհետև հրեշտակների նման են ու Աստծու որդիներ են, քանզի հարության որդիներն են։ Իսկ որ մեռելները հարություն կառնեն, Մովսեսն էլ մորենու դրվագի մեջ ցույց տվեց, ինչպես որ Տիրոջ մասին ասաց. "Աբրահամի Աստված և Իսահակի Աստված և Հակոբի Աստված" ։ Իսկ Աստված մեռելներինը չէ, այլ ողջերինը, որովհետև նրա համար բոլորն էլ ողջ են»։ Դպիրներից ոմանք ասացին. «Վարդապե՛տ, լա՛վ ասացիր»։ Եվ այլևս չէին համարձակվում նրան ոչ մի բան հարցնել։

Տեսանյութ Ղուկաս 20:20-40-ի համար