Ղուկաս 20:1-19

Ղուկաս 20:1-19 ՆՎԱԱ

Այդ օրերին, երբ նա տաճարում ուսուցանում էր ժողովրդին և քարոզում, մի օր քահանայապետներն ու դպիրները երեցների հետ միասին վրա հասան և նրան ասացին. «Ասա՛ մեզ, այդ բաներն ի՞նչ իշխանությամբ ես անում, կամ ո՞վ է քեզ այդ իշխանությունը տվողը»։ Եվ նա պատասխանեց նրանց ու ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, ու ինձ ասացե՛ք. Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից»։ Նրանք իրար մեջ խորհուրդ արեցին ու ասացին. «Եթե ասենք՝ երկնքից, կասի՝ "Հապա ինչո՞ւ նրան չհավատացիք", իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետև համոզված է, որ Հովհաննեսը մարգարե է»։ Եվ պատասխանեցին, որ չգիտեն, թե որտեղի՛ց է։ Հիսուսը նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում»։ Եվ սկսեց ժողովրդին այս առակն ասել. «Մի մարդ այգի տնկեց, այն մշակներին տվեց ու ինքը երկար ժամանակով օտարության գնաց։ Երբ ժամանակը հասավ, մշակների մոտ մի ծառայի ուղարկեց, որ այգու պտղից իրեն տան. բայց մշակները նրան ծեծեցին ու դատարկ հետ ուղարկեցին։ Դարձյալ մի ուրիշ ծառայի ևս ուղարկեց. նրանք սրան էլ ծեծեցին, անարգեցին ու դատարկ հետ ուղարկեցին։ Եվ դարձյալ մի երրորդի էլ ուղարկեց. նրանք սրան էլ վիրավորելով դուրս հանեցին։ Այգու տերն ասաց. "Ի՞նչ անեմ. իմ սիրելի որդուն ուղարկեմ, գուցե նրան տեսնելով՝ ամաչեն"։ Բայց երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին ու ասացին. "Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք, որպեսզի ժառանգությունը մերը լինի"։ Եվ այգուց դուրս հանեցին նրան ու սպանեցին։ Արդ այգու տերը ի՞նչ կանի նրանց։ Կգա և այն մշակներին կորստյան կմատնի, այգին էլ ուրիշներին կտա»։ Լսողներն ասացին. «Քա՛վ լիցի»։ Իսկ նա նայեց նրանց ու ասաց. «Արդ, ի՞նչ են նշանակում գրված հետևյալ խոսքերը. "Այն քարը, որ շինարարներն արհամարհեցին, անկյունաքար դարձավ" ։ Այս քարի վրա ամեն ընկնող կփշրվի, և ում վրա որ այն ընկնի, նրան կջարդի»։ Եվ քահանայապետներն ու դպիրները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց։