Ղուկաս 2:3-40

Ղուկաս 2:3-40 ՆՎԱԱ

Եվ բոլորը գնում էին արձանագրվելու՝ ամեն մեկն իր քաղաքը։ Հովսեփն էլ Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից, գնաց Հուդա՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում. որովհետև նա Դավթի տնից ու սերնդից էր. որպեսզի այնտեղ արձանագրվեր իր նշանածի՝ Մարիամի հետ, որ հղի էր։ Երբ նրանք այնտեղ էին, նրա ծննդաբերելու օրերը լրացան։ Եվ ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց, դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանատանը նրանց համար տեղ չկար։ Այնտեղ դաշտում մնացող հովիվներ կային, որոնք գիշերն իրենց հոտերն էին պահում։ Եվ ահա Տիրոջ հրեշտակը նրանց առաջ կանգնեց. Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու մեծ վախ ապրեցին։ Եվ հրեշտակը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու. այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը։ Սա ձեզ համար նշան կլինի. մի երեխա կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված»։ Եվ հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն և ասում. «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»։ Եվ երբ հրեշտակները նրանց մոտից երկինք բարձրացան, հովիվներն իրար ասացին. «Եկեք մինչև Բեթլեհեմ գնանք ու տեսնենք տեղի ունեցածը, որը Տերը ցույց տվեց մեզ»։ Շտապելով եկան և գտան Մարիամին ու Հովսեփին և երեխային՝ մսուրի մեջ պառկած։ Եվ երբ տեսան, ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր երեխայի մասին։ Բոլոր լսողներն էլ զարմացան հովիվների պատմածների վրա։ Իսկ Մարիամն այդ ամենը պահում էր իր սրտում և մտորում։ Հովիվները հետ դարձան՝ Աստծուն փառաբանելով և օրհնելով այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես որ ասվել էր իրենց։ Երբ ութ օրերը լրացան, և մանուկը պետք է թլփատվեր, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես որ դեռ որովայնում հղացվելուց առաջ կոչվել էր հրեշտակի կողմից։ Իսկ երբ Մովսեսի օրենքի համաձայն Մարիամի մաքրվելու օրերը լրացան, մանկանը բերեցին Երուսաղեմ՝ Տիրոջը ներկայացնելու, ինչպես Տիրոջ օրենքում է գրված. «Ամեն արու, որ արգանդ բացի, Տիրոջ համար սուրբ կկոչվի» ։ Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն պետք է մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ ընծա տալ ։ Այն ժամանակ Երուսաղեմում մի մարդ կար, որի անունը Սիմեոն էր։ Այդ մարդն արդար ու աստվածավախ էր և Իսրայելի մխիթարությունն էր ակնկալում, և Սուրբ Հոգին նրա վրա էր։ Սուրբ Հոգին նրան հայտնել էր, որ մահ չի տեսնելու, մինչև որ Տիրոջ Օծյալին չտեսնի։ Եվ Հոգով առաջնորդվելով՝ տաճար եկավ, և երբ ծնողները Հիսուս մանկանը բերեցին, որ կատարեն, ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը գիրկն առավ նրան, օրհնեց Աստծուն և ասաց. «Հիմա, ո՛վ Տեր, արձակի՛ր քո ծառային քո խոստման համաձայն՝ խաղաղությամբ։ Որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ։ Լույս՝ հեթանոսներին լուսավորելու, և փառք Իսրայելին՝ քո ժողովրդին»։ Հովսեփն ու նրա մայրը զարմացած էին այն խոսքերի համար, որ նրա մասին ասվում էին։ Եվ Սիմեոնն օրհնեց նրանց ու ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է լինելու Իսրայելում շատերի անկման կամ բարձրացման և նշան հակառակության։ Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, ինչպես որ շատերի սրտերի խորհուրդները պիտի հայտնի դառնան»։ Այնտեղ էր նաև մարգարեուհի Աննան՝ Փանուելի աղջիկը, Ասերի ցեղից։ Նա ինքը բավական տարիքն առած էր և իր կուսության ժամանակից յոթ տարի էր ապրել ամուսնու հետ։ Գրեթե ութսունչորս տարեկան այրի էր. տաճարից չէր հեռանում, ծոմապահությամբ ու աղոթքով գիշեր-ցերեկ Աստծուն էր ծառայում։ Սա ևս նույն ժամին եկավ. Տիրոջը գոհություն էր հայտնում և մանկան մասին խոսում բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։ Եվ երբ ամեն բան Տիրոջ օրենքի համաձայն կատարեցին, վերադարձան Գալիլեա՝ իրենց Նազարեթ քաղաքը։ Իսկ մանուկն աճում էր ու զորանում՝ լի իմաստությամբ, և Աստծու շնորհը նրա վրա էր։

Ղուկաս 2:3-40 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր