Ղուկաս 2:21-35

Ղուկաս 2:21-35 ՆՎԱԱ

Երբ ութ օրերը լրացան, և մանուկը պետք է թլփատվեր, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես որ դեռ որովայնում հղացվելուց առաջ կոչվել էր հրեշտակի կողմից։ Իսկ երբ Մովսեսի օրենքի համաձայն Մարիամի մաքրվելու օրերը լրացան, մանկանը բերեցին Երուսաղեմ՝ Տիրոջը ներկայացնելու, ինչպես Տիրոջ օրենքում է գրված. «Ամեն արու, որ արգանդ բացի, Տիրոջ համար սուրբ կկոչվի» ։ Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն պետք է մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ ընծա տալ ։ Այն ժամանակ Երուսաղեմում մի մարդ կար, որի անունը Սիմեոն էր։ Այդ մարդն արդար ու աստվածավախ էր և Իսրայելի մխիթարությունն էր ակնկալում, և Սուրբ Հոգին նրա վրա էր։ Սուրբ Հոգին նրան հայտնել էր, որ մահ չի տեսնելու, մինչև որ Տիրոջ Օծյալին չտեսնի։ Եվ Հոգով առաջնորդվելով՝ տաճար եկավ, և երբ ծնողները Հիսուս մանկանը բերեցին, որ կատարեն, ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը գիրկն առավ նրան, օրհնեց Աստծուն և ասաց. «Հիմա, ո՛վ Տեր, արձակի՛ր քո ծառային քո խոստման համաձայն՝ խաղաղությամբ։ Որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ։ Լույս՝ հեթանոսներին լուսավորելու, և փառք Իսրայելին՝ քո ժողովրդին»։ Հովսեփն ու նրա մայրը զարմացած էին այն խոսքերի համար, որ նրա մասին ասվում էին։ Եվ Սիմեոնն օրհնեց նրանց ու ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է լինելու Իսրայելում շատերի անկման կամ բարձրացման և նշան հակառակության։ Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, ինչպես որ շատերի սրտերի խորհուրդները պիտի հայտնի դառնան»։