Ղուկաս 19:16-31

Ղուկաս 19:16-31 ՆՎԱԱ

Առաջինը եկավ ու ասաց. "Տե՛ր, քո մնասը տասը մնաս շահ բերեց"։ Նրան ասաց. "Լա՛վ, բարի՛ ծառա, քանի որ քիչ բանում հավատարիմ եղար, տասը քաղաքի վրա իշխանությո՛ւն ունեցիր"։ Երկրորդը եկավ ու ասաց. "Տե՛ր, քո մնասը հինգ մնաս շահ բերեց"։ Նրան էլ ասաց. "Դու էլ հինգ քաղաքի վրա՛ եղիր"։ Մյուսն էլ եկավ ու ասաց. "Տե՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ փաթաթած պահում էի։ Վախենում էի քեզանից, որովհետև դու խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես ցանել"։ Եվ նրան ասաց. "Քո բերանով եմ քեզ դատելու, չա՛ր ծառա։ Գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, հնձում եմ, ինչ որ չեմ ցանել. այդ ինչո՞ւ իմ արծաթը լումայափոխներին չտվեցիր, որ ես երբ գայի, այն շահով հետ առնեի"։ Եվ ներկա գտնվողներին ասաց. "Վերցրե՛ք դրանից մնասը ու տվե՛ք տասը մնաս ունեցողին"։ Նրան ասացին. "Տե՛ր, նա արդեն տասը մնաս ունի"։ "Ասում եմ ձեզ, որ ամեն ունեցողի կտրվի, իսկ չունեցողից, ինչ էլ որ ունի, կվերցվի։ Իսկ իմ այն թշնամիներին, որոնք չէին ուզում, որ ես իրենց վրա թագավորեմ, այստե՛ղ բերեք ու իմ առաջ սպանե՛ք"»։ Եվ երբ այս ասաց, առաջացավ, որ Երուսաղեմ ելնի։ Երբ մոտեցավ Բեթփագեին ու Բեթանիային՝ Ձիթենյաց կոչվող լեռան մոտ, իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու ասաց. «Գնացե՛ք դիմացի գյուղը ու այնտեղ մտնելիս մի կապած ավանակ կգտնեք, որի վրա երբեք ոչ մի մարդ չի նստել. արձակե՛ք այն ու բերե՛ք։ Եվ եթե մեկը ձեզ հարցնի՝ "Ինչո՞ւ եք արձակում", նրան այսպե՛ս ասեք՝ "Տերը դրա կարիքն ունի"»։

Ղուկաս 19:16-31 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր