Ղուկաս 17:1-19

Ղուկաս 17:1-19 ՆՎԱԱ

Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղություններ չգան, բայց վա՛յ նրան, ում միջոցով կգան։ Նրա համար ավելի լավ է, եթե իր պարանոցից մի երկանաքար կախվի, ու ծովը գցվի, քան թե այս փոքրերից մեկին գայթակղեցնի։ Ձեր անձերի համա՛ր զգուշացեք։ Եթե քո եղբայրը քո դեմ մեղանչի, նրան հանդիմանի՛ր, ու եթե ապաշխարի, նրան ների՛ր։ Եթե քո դեմ օրը յոթ անգամ մեղանչի ու յոթ անգամ քեզ մոտ դառնա և ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»։ Եվ առաքյալները Տիրոջն ասացին. «Ավելացրո՛ւ մեր հավատը»։ Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասեք՝ "Պոկվի՛ր ու ծովի մե՛ջ տնկվիր", նա ձեզ կհնազանդվի։ Բայց ձեզանից ո՞վ, որ մի հողագործ կամ հովիվ ծառա ունենա ու երբ դաշտից տուն մտնի, նրան իսկույն կասի. "Եկ սեղա՛ն նստիր"։ Այլ նրան չի՞ ասի. "Պատրաստի՛ր, ինչ որ ընթրելու եմ, գոտի կապած՝ ինձ ծառայի՛ր, մինչև ուտեմ ու խմեմ, հետո դու էլ կուտես ու կխմես"։ Մի՞թե ծառային պետք է շնորհակալ լինի, որ իրեն հրամայված այդ գործերն անի։ Այդպես էլ դուք, երբ ձեզ հրամայված բոլոր բաներն անեք, ասե՛ք. "Մենք անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, արեցինք"»։ Երբ նա Երուսաղեմ էր գնում, Սամարիայի ու Գալիլեայի միջով էր անցնում։ Եվ մի գյուղ մտնելիս նրան տասը բորոտներ հանդիպեցին, որոնք հեռու կանգնեցին և բարձրաձայն ասացին. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, ողորմի՛ր մեզ»։ Երբ տեսավ, նրանց ասաց. «Գնացե՛ք, ձեզ քահանաների՛ն ցույց տվեք»։ Եվ նրանք գնալիս մաքրվեցին։ Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ՝ բարձրաձայն փառաբանելով Աստծուն։ Նա երեսնիվայր ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և գոհություն էր հայտնում, և ինքը սամարացի էր։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին, արդ այն ինը որտե՞ղ են։ Վերադարձողներ չգտնվեցի՞ն Աստծուն փառք տալու համար, բացի այս այլազգուց»։ Եվ նրան ասաց. «Վեր կաց գնա՛, քո հավատը փրկեց քեզ»։