Ղուկաս 16:19-31

Ղուկաս 16:19-31 ՆՎԱԱ

Մի հարուստ մարդ կար, որ ծիրանի ու բեհեզ էր հագնում և ամեն օր շքեղ խնջույք էր անում։ Մի աղքատ մարդ էլ կար՝ Ղազարոս անունով, որ վերքերով ծածկված՝ նրա դռան առաջ ընկած էր և ցանկանում էր հագենալ այն փշրանքներով, որ թափվում էին հարուստի սեղանից. շներն էլ գալիս էին, լիզում նրա վերքերը։ Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան Աբրահամի գոգը տարան. հարուստն էլ մեռավ ու թաղվեց։ Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին, Ղազարոսին էլ՝ նրա գրկում։ Նա աղաղակեց ու ասաց. "Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ և ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը ջրով թրջի և լեզուս հովացնի, որովհետև այս կրակի բոցի մեջ տանջվում եմ"։ Իսկ Աբրահամն ասաց. "Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարիքները։ Հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ Եվ այդ բոլորից բացի, մեր ու ձեր միջև մեծ անդունդ է հաստատված, որպեսզի այստեղից ձեզ մոտ անցնել ուզողները չկարողանան, ոչ էլ այդտեղից մեզ մոտ անցնեն"։ Եվ ասաց. "Ուրեմն աղաչում եմ քեզ, հա՛յր, որ դրան իմ հոր տուն ուղարկես, որովհետև ես հինգ եղբայր ունեմ. թող նրանց վկայություն տա, որ նրանք էլ տանջանքի այս վայրը չգան"։ Աբրահամը նրան ասաց. "Նրանք Մովսեսին ու մարգարեներին ունեն. թող նրանց լսեն"։ Իսկ նա ասաց. "Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, կապաշխարեն"։ Եվ նրան ասաց. "Եթե Մովսեսին ու մարգարեներին չեն լսում, չեն էլ համոզվի, եթե մեռելներից մեկը հարություն առնի"»։