Ղուկաս 16:1-18

Ղուկաս 16:1-18 ՆՎԱԱ

Հիսուսն աշակերտներին ասաց. «Մի հարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ։ Նրանից գանգատվեցին հարուստին, իբր նրա ունեցվածքը վատնում է։ Եվ նրան կանչեց ու ասաց. "Այս ի՞նչ եմ լսում քո մասին. հաշի՛վ տուր քո տնտեսության վերաբերյալ, որովհետև այլևս տնտես չես կարող լինել"։ Տնտեսն իր մտքում ասաց. "Ի՞նչ եմ անելու, քանի որ իմ տերը տնտեսությունն իմ ձեռքից վերցնում է. հերկել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ կանեմ, որպեսզի ինձ իրենց տներն ընդունեն, երբ տնտեսությունից հանվեմ"։ Եվ իր տիրոջ պարտապաններին մեկ առ մեկ իր մոտ կանչեց և առաջինին ասաց. "Իմ տիրոջն ինչքա՞ն ես պարտք"։ Նա ասաց. "Հարյուր մար ձեթ"։ Նրան ասաց. "Ա՛ռ մուրհակդ, նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն"։ Հետո մյուսին ասաց. "Դո՞ւ ինչքան ես պարտք"։ Նա էլ ասաց. "Հարյուր քոռ ցորեն"։ Եվ նրան ասաց. "Ա՛ռ մուրհակդ ու գրի՛ր՝ ութսուն"։ Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որ հնարամտությամբ է գործել, որովհետև այս աշխարհի որդիները, իրենց նմանների հետ կապի մեջ լինելով, լույսի որդիներից ավելի հնարամիտ են։ Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որ երբ այն պակասի, հավիտենական բնակարանների մեջ ձեզ ընդունեն։ Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ։ Արդ եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ո՞վ ձեզ ճշմարիտը կվստահի։ Եթե օտարին պատկանողի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ պատկանողը ո՞վ կտա ձեզ։ Ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի, մյուսին կսիրի, կա՛մ մեկին կպատվի, մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային»։ Այս բոլոր բաները լսում էին փարիսեցիները, որ արծաթասեր էին ու ծաղրում էին նրան։ Եվ նրանց ասաց. «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ցույց տալիս, բայց Աստված գիտե ձեր սրտերը, որովհետև մարդկանց առաջ բարձրն Աստծու առաջ պիղծ է։ Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսն են. նրանից հետո քարոզվում է Աստծու արքայությունը, և ամեն ոք շտապում է այնտեղ մտնել։ Սակայն ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրը անցնեն, քան օրենքի մի փոքր նշանագիրն անգամ չիրագործվի։ Ամեն ոք, ով արձակում է իր կնոջը և ուրիշին առնում, շնանում է, և ով ամուսնու կողմից արձակված կին է առնում, շնանում է։

Ղուկաս 16:1-18 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում