Ղուկաս 15:11-32

Ղուկաս 15:11-32 ՆՎԱԱ

Դարձյալ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. "Հա՛յր, տո՛ւր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը"։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց՝ անառակությամբ ապրելով։ Եվ երբ ամբողջն սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ։ Եվ գնաց, այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց, և սա նրան իր ագարակն ուղարկեց, որ խոզ արածեցնի։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս։ Եվ սթափվելով՝ ասաց. "Քանի՜ վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ. ինձ քո վարձկաններից մե՛կն արա"։ Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ։ Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։ Եվ որդին նրան ասաց. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ"։ Հայրն իր ծառաներին ասաց. "Իսկույն բերե՛ք լավագույն պատմուճանը ու հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք և ոտքերին՝ կոշիկներ։ Բերե՛ք պարարտ եզը, մորթե՛ք. ուտենք, ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց"։ Եվ սկսեցին զվարճանալ։ Իսկ նրա ավագ որդին դաշտում էր։ Մինչ գալիս էր, մոտեցավ տանը, երգերի ու պարերի ձայն լսեց։ Իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե ի՛նչ է այդ։ Նա էլ ասաց նրան. "Եղբայրդ եկել է, հայրդ էլ պարարտ եզ մորթեց, որովհետև նրան ողջ և առողջ ընդունեց"։ Նա բարկացավ ու չէր ուզում ներս մտնել, բայց հայրը, դուրս ելնելով, աղաչում էր նրան։ Իսկ նա հորն ասաց. "Ահա այսքան տարի է, ինչ ծառայում եմ քեզ և քո հրամանները երբեք չեմ անտեսել, բայց ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախություն անեմ։ Իսկ երբ քո այդ որդին եկավ, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ կերավ, նրա համար պարարտ եզ մորթեցիր"։ Հայրն ասաց նրան. "Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է։ Բայց պետք է ուրախ լինել ու խնդալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց"»։

Ղուկաս 15:11-32 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում