Եվ իրեն հրավիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, քո բարեկամներին մի՛ կանչիր, ո՛չ էլ քո եղբայրներին, ո՛չ էլ քո ազգականներին, ո՛չ էլ քո հարուստ հարևաններին. միգուցե նրանք էլ փոխարենը քեզ հրավիրեն, և հատուցում լինի քեզ։ Այլ երբ հյուրասիրություն ես անում, կանչի՛ր աղքատներին, խեղերին, կաղերին, կույրերին։ Եվ երանելի կլինես, որ բան չունեն, որ փոխարենը քեզ հատուցեն, որովհետև արդարների հարության ժամանակ քեզ հատուցում կլինի»։
Երբ սեղանակիցներից մեկն այս բաները լսեց, նրան ասաց. «Երանի՜ նրան, ով Աստծու արքայության մեջ հաց կուտի»։ Հիսուսն ասաց նրան. «Մի մարդ մեծ ընթրիք սարքեց և շատերի հրավիրեց։ Ընթրիքի ժամանակ իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. "Եկե՛ք, որովհետև ամեն ինչ արդեն պատրաստ է"։ Եվ բոլորն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինը նրան ասաց. "Ագարակ եմ գնել, պետք է գնամ այն տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր"։ Մյուսն ասաց. "Հինգ լուծ եզ եմ գնել, գնում եմ, որ դրանք փորձեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր"։ Մյուսն էլ ասաց. "Կին եմ առել, դրա համար չեմ կարող գալ"։ Ծառան եկավ, այս բաները պատմեց իր տիրոջը։ Այն ժամանակ տանտերը, բարկացած, իր ծառային ասաց. "Շուտ գնա՛ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղերին, կաղերին ու կույրերին այստե՛ղ բեր"։ Ծառան ասաց. "Տե՛ր, ինչ հրամայեցիր, եղավ, և դեռ էլի տեղ կա"։ Եվ տերը ծառային ասաց. "Դո՛ւրս արի ճանապարհներն ու արահետները և ստիպի՛ր, որ գան, որպեսզի իմ տունը լցվի։ Որովհետև ասում եմ ձեզ, որ հրավիրված այն մարդկանցից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակի"»։