Ղուկաս 12:13-40

Ղուկաս 12:13-40 ՆՎԱԱ

Ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապե՛տ, իմ եղբորն ասա՛, որ ժառանգությունն ինձ հետ բաժանի»։ Նա էլ ասաց նրան. «Մա՛րդ, ո՞վ ինձ ձեզ վրա դատավոր կամ բաժանարար կարգեց»։ Եվ նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք ագահությունից. որովհետև մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ»։ Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի հարուստ մարդու արտն առատ պտուղ տվեց։ Նա ինքն իր մեջ մտածում էր ու ասում. "Ի՞նչ անեմ. տեղ չունեմ, որ իմ պտուղներն այնտեղ հավաքեմ"։ Եվ ասաց. "Այս կանեմ. իմ շտեմարանները կքանդեմ, ավելի մեծերը կշինեմ և իմ ամբողջ բերքն ու բարիքներն այնտեղ կամբարեմ։ Եվ ինքս ինձ կասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր, զվարճացի՛ր"։ Բայց Աստված նրան ասաց. "Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են. ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու"։ Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ է դիզում, բայց Աստծո՛վ չէ հարուստ»։ Իր աշակերտներին ասաց. «Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կյանքի համար հոգ մի՛ արեք, թե ի՛նչ եք ուտելու, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ եք հագնելու։ Հոգին ուտելիքից առավել է, մարմինն էլ՝ հագուստից։ Նայե՛ք ագռավներին, որ ո՛չ ցանում են, ո՛չ էլ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն, ո՛չ էլ ամբարներ, և Աստված կերակրում է նրանց. դուք թռչուններից որքա՜ն առավել արժեք ունեք։ Ձեզանից ո՞վ կարող է մտահոգվելով իր հասակի վրա մի կանգուն ավելացնել։ Արդ եթե ամենափոքր բանի մեջ անկարող եք, ինչո՞ւ եք ուրիշ բաների համար հոգս անում։ Նայե՛ք շուշաններին՝ ինչպե՛ս են մեծանում. ո՛չ ջանք են թափում, ո՛չ էլ մանում են։ Բայց ասում եմ ձեզ. Սողոմոնն էլ իր ամբողջ փառքի մեջ դրանցից մեկի նման չհագնվեց։ Իսկ եթե Աստված այդպես հագցնում է հանդի խոտը, որ այսօր կա ու վաղը կրակի մեջ է գցվում, ապա որքա՜ն առավել ձեզ, թերահավատնե՛ր։ Եվ դուք մի՛ փնտրեք, թե ի՛նչ եք ուտելու կամ ի՛նչ եք խմելու, և մի՛ անհանգստացեք, որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են փնտրում, բայց ձեր Հայրը գիտե, որ դրանք ձեզ պետք են։ Սակայն Աստծու արքայությո՛ւնը փնտրեք, և այդ բոլորը ավելիով կտրվի ձեզ։ Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը։ Վաճառե՛ք ձեր ունեցվածքը և ողորմությո՛ւն տվեք, ձեզ համար չհնացող քսակնե՛ր պատրաստեք, որ հարատև գանձ է երկնքում, ուր գողը չի մոտենում, ոչ էլ ցեցն է ապականում։ Որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։ Թող ձեր գոտիները մեջքներիդ կապված լինեն, ու ճրագները՝ վառված։ Եվ դուք այն մարդկանց նմա՛ն եղեք, որոնք իրենց տիրոջն են սպասում, թե նա հարսանիքից ե՛րբ կվերադառնա, որպեսզի երբ գա ու դուռը բախի, իսկույն բացեն։ Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ գոտին մեջքին կկապի ու նրանց սեղան կնստեցնի և կանցնի ծառայելու։ Եվ եթե գիշերվա երկրորդ կամ երրորդ պահին գա ու այդպես գտնի, երանելի են նրանք։ Բայց ա՛յս էլ իմացեք, որ եթե տանտերն իմանար, թե գողը ո՛ր ժամին կգար, թույլ չէր տա իր տուն սողոսկել։ Արդ դո՛ւք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ չեք սպասում»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում