Այդ ընթացքում, երբ բյուրավոր ժողովուրդ էր կուտակվում՝ իրար կոխկռտելու աստիճան, նա սկսեց իր աշակերտներին ասել. «Նախ զգուշացե՛ք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է։ Որովհետև ծածուկ ոչինչ չկա, որ հայտնի չդառնա, և գաղտնի բան, որ չիմացվի։ Ուստի ինչ որ խավարում ասացիք, լույսի մեջ կլսվի, և ինչ որ փակ սենյակներում շշնջացիք, տանիքների վրա կհայտարարվի։ Բայց ասում եմ ձեզ՝ իմ բարեկամներին. մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում ու դրանից հետո ավելին չունեն անելու։ Բայց ձեզ ցույց կտամ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Նրանի՛ց վախեցեք, ով սպանելուց հետո գեհենի մեջ նետելու իշխանություն ունի. այո՛, ասում եմ ձեզ, նրանի՛ց վախեցեք։ Չէ՞ որ հինգ ճնճղուկը, որ երկու ասսարիոնով են վաճառում, նույնիսկ դրանցից մեկը Աստծու առաջ մոռացված չէ։ Ձեր գլխի բոլոր մազերն էլ հաշվված են. ուրեմն մի՛ վախեցեք, քանի որ դուք ճնճղուկներից շատ ավելին արժեք։
Ասում եմ ձեզ. ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, Մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ Եվ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, նա էլ Աստծու հրեշտակների առաջ կուրացվի։ Նա, ով Մարդու Որդու դեմ բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չի ներվի։ Երբ ձեզ տանեն ժողովարաններ, իշխանավորների ու կառավարիչների առաջ, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք պատասխանելու կամ ի՛նչ եք ասելու, որովհետև Սուրբ Հոգին նույն պահին ձեզ կսովորեցնի, թե ի՛նչ պետք է խոսել»։
Ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապե՛տ, իմ եղբորն ասա՛, որ ժառանգությունն ինձ հետ բաժանի»։ Նա էլ ասաց նրան. «Մա՛րդ, ո՞վ ինձ ձեզ վրա դատավոր կամ բաժանարար կարգեց»։