Եղավ, որ Հիսուսը ինչ-որ տեղ աղոթք էր անում ու երբ դադարեց, նրա աշակերտներից մեկը նրան ասաց. «Տե՛ր, մեզ աղոթե՛լ սովորեցրու, ինչպես Հովհաննեսն իր աշակերտներին սովորեցրեց»։ Եվ նրանց ասաց. «Երբ աղոթեք, ասե՛ք.
"Հա՛յր մեր,
թող սուրբ լինի քո անունը,
քո արքայությունը թող գա։
Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ ամեն օր։
Եվ ների՛ր մեզ մեր մեղքերը,
որովհետև մենք էլ ներում ենք ամենքին,
որ մեղավոր են մեր հանդեպ,
և մի՛ տար մեզ փորձության"»։
Եվ նրանց ասաց. «Ձեզանից ո՞վ է, որ բարեկամ ունենա, կեսգիշերին նրա մոտ գնա ու ասի. "Բարեկա՛մ, ինձ երեք հաց փո՛խ տուր, որովհետև իմ բարեկամը ճանապարհից ինձ մոտ է եկել, ու ես ոչինչ չունեմ, որ նրա առաջ դնեմ", իսկ նա ներսից պատասխանի ու ասի. "Ինձ նեղություն մի՛ տուր. դուռն արդեն փակված է, ու երեխաներս ինձ հետ անկողնում են. չեմ կարող վեր կենալ ու տալ քեզ"։ Ասում եմ ձեզ. եթե նրա բարեկամը լինելու համար էլ վեր չկենա ու չտա նրան, ապա գոնե նրա թախանձանքի համար վեր կկենա ու կտա նրան, ինչ որ պետք է։ Եվ ես ասում եմ ձեզ. խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, դուռը բախե՛ք, ու ձեր առաջ կբացվի։ Որովհետև ով խնդրում է, ստանում է, և ով փնտրում է, գտնում է, և ով դուռը բախում է, նրա առաջ բացվում է։ Ձեզանից ո՞վ է այն հայրը, որից որդին եթե ձուկ ուզի, մի՞թե ձկան փոխարեն օձ կտա նրան։ Եվ կամ ձու ուզի, մի՞թե նրան կարիճ կտա։ Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքա՜ն առավել երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրենից»։