Ղուկաս 10:1-42

Ղուկաս 10:1-42 ՆՎԱԱ

Դրանից հետո Տերն ընտրեց ուրիշ յոթանասուներկու հոգու և նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքն էր գնալու։ Եվ նրանց ասում էր. «Հունձը շատ է, բայց մշակները՝ քիչ. ուրեմն հնձի Տիրոջն աղաչե՛ք, որ իր հնձի համար մշակներ ուղարկի։ Գնացե՛ք. ահա ես ձեզ ուղարկում եմ իբրև գառներ՝ գայլերի մեջ։ Մի՛ վերցրեք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկ և ճանապարհին ոչ ոքի հետ զրույցի մի՛ բռնվեք։ Ո՛ր տունն էլ մտնեք, նախ ասե՛ք. "Խաղաղությո՛ւն այս տանը"։ Եվ եթե այնտեղ խաղաղասեր մարդ լինի, ձեր մաղթանքը նրան կհասնի, ապա թե ոչ, ձեզ կվերադառնա։ Այդ տա՛նը մնացեք, նրանց ունեցածից կերե՛ք ու խմե՛ք, որովհետև մշակն իր վարձին արժանի է։ Տնից տուն մի՛ տեղափոխվեք։ Եվ ո՛ր քաղաքը մտնեք, ու ձեզ ընդունեն, կերե՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն։ Եվ այնտեղ եղած հիվանդներին բժշկե՛ք ու նրանց ասե՛ք. "Աստծու արքայությունը մոտեցել է ձեզ"։ Բայց եթե մտնեք մի քաղաք, որտեղ ձեզ չընդունեն, նրա հրապարակները դուրս գալով՝ ասե՛ք. "Նույնիսկ ձեր քաղաքի փոշին, որ նստել է մեր ոտքերին, ձեզ վրա ենք թափ տալիս, բայց ա՛յս իմացեք, որ Աստծու արքայությունը մոտեցել է ձեզ"։ Ասում եմ ձեզ, որ սոդոմացիների համար այն օրն ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի։ Վա՛յ քեզ, Քորազի՛ն, վա՛յ քեզ, Բեթսայի՛դա, որովհետև եթե այն հրաշքները, որոնք ձեր մեջ կատարվեցին, Տյուրոսում ու Սիդովնում եղած լինեին, վաղուց քրձի ու մոխրի մեջ նստած ապաշխարած կլինեին։ Տյուրոսի ու Սիդովնի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան ձեզ համար։ Եվ դու, Կափառնաո՛ւմ, որ մինչև երկինք ես բարձրացել, մինչև դժոխք պիտի իջնես։ Ձեզ լսողն ի՛նձ է լսում, ու ձեզ մերժողն ի՛նձ է մերժում, իսկ ինձ մերժողն էլ ինձ ուղարկողի՛ն է մերժում»։ Եվ յոթանասուներկուսը վերադարձան ուրախությամբ՝ ասելով. «Տե՛ր, նույնիսկ դևերն են մեզ հնազանդվում քո անունով»։ Եվ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային, որ վայր է ընկել երկնքից փայլակի պես։ Ահա ձեզ իշխանություն տվեցի ոտնակոխելու օձերին, կարիճներին և թշնամու ունեցած ողջ զորությունը, և ձեզ ոչինչ չի վնասի։ Բայց մի՛ ուրախացեք, որ ոգիները հնազանդվում են ձեզ, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում»։ Նույն ժամին Հիսուսը Սուրբ Հոգով ցնծաց ու ասաց. «Գոհանում եմ քեզնից, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր և մանուկներին հայտնեցիր։ Այո՛, ո՛վ Հայր, որովհետև այսպես քեզ հաճելի եղավ։ Ամեն բան ինձ տրվեց իմ Հորից, և ոչ ոք չգիտի, թե ո՛վ է Որդին, բացի Հորից, և ոչ էլ՝ ո՛վ է Հայրը, բացի Որդուց, և ում որ Որդին կամենա հայտնել»։ Եվ դառնալով դեպի աշակերտները՝ հատուկ նրանց ասաց. «Երանի այն աչքերին, որ տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում։ Որովհետև ասում եմ ձեզ, որ շատ մարգարեներ ու թագավորներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին»։ Եվ ահա մի օրենսգետ վեր կացավ և նրան փորձելու համար ասաց. «Վարդապե՛տ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուսն ասաց նրան. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես կարդում»։ Նա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով և քո մերձավորին, ինչպես քո անձը »։ Եվ նրան ասաց. «Ճիշտ պատասխանեցիր. դա արա՛ և կապրես»։ Իսկ նա, ցանկանալով ինքն իրեն արդարացնել, Հիսուսին ասաց. «Իսկ ո՞վ է իմ մերձավորը»։ Հիսուսն ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ավազակների ձեռքն ընկավ։ Նրանք էլ նրան մերկացրին, վիրավորեցին ու կիսամեռ թողեցին գնացին։ Պատահմամբ նույն ճանապարհով մի քահանա էր իջնում, որը, նրան տեսնելով, շրջանցեց։ Նույն կերպ մի ղևտացի էր այդտեղով անցնում և տեսնելով նրան՝ շրջանցեց։ Եվ մի սամարացի, որ ճանապարհորդում էր, նույն տեղով եկավ, նրան տեսնելով՝ գթաց։ Մոտեցավ, նրա վերքերը կապեց՝ վրան ձեթ ու գինի լցնելով, իր գրաստի վրա դնելով՝ նրան մի իջևանատուն տարավ ու խնամեց։ Հաջորդ օրը երկու դինար հանեց, իջևանատիրոջը տվեց ու ասաց. "Խնամի՛ր նրան և ինչ որ ավելի ծախսես, ես մյուս անգամ վերադառնալիս կվճարեմ քեզ"։ Քո կարծիքով այդ երեքից ո՞րն էր մերձավորը ավազակների ձեռքն ընկած այն մարդու համար»։ Նա ասաց. «Նա, ով ողորմեց նրան»։ Ապա Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, դո՛ւ էլ այդպես արա»։ Երբ գնում էին, Հիսուսը մի գյուղ մտավ, և մի կին, որի անունը Մարթա էր, նրան ընդունեց իր տանը։ Նա մի քույր ուներ՝ Մարիամ անունով, որ նստեց Հիսուսի ոտքերի մոտ ու նրա խոսքերն էր լսում։ Իսկ Մարթան շատ զբաղված էր սպասավորելով. նա եկավ ու ասաց. «Տե՛ր, քեզ հոգ չէ՞, որ քույրս ինձ մենակ թողեց ծառայելու։ Արդ ասա՛ դրան, որ ինձ օգնի»։ Հիսուսը պատասխանեց ու նրան ասաց. «Մա՛րթա, Մա՛րթա, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված։ Բայց մի բան է հարկավոր. և Մարիամը լավ բաժինն է ընտրել, որ նրանից չպիտի վերցվի»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում