Ղուկաս 1:8-30

Ղուկաս 1:8-30 ՆՎԱԱ

Եվ երբ Աստծու առաջ քահանայություն անելու իր հերթը հասավ, քահանայության սովորության համաձայն՝ իրեն վիճակվեց, որ Տիրոջ տաճարը մտնի՝ խնկարկություն անելու։ Խնկարկության ժամանակ ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթք էր անում։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց՝ խնկի սեղանի աջ կողմում կանգնած։ Զաքարիան, տեսնելով, շփոթվեց, և նրա մեջ ահ ընկավ։ Հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսվեց, և քո կինը՝ Եղիսաբեթը, քեզ մի որդի կծնի, և նրա անունը Հովհաննես կդնես։ Նա քեզ համար ուրախություն և ցնծություն կլինի. նրա ծնունդով շատերը կուրախանան, որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և ցքի չի խմի ու դեռ իր մոր որովայնից Սուրբ Հոգով կլցվի և Իսրայելի որդիներից շատերին իրենց Տեր Աստծու կողմը կդարձնի։ Ինքն էլ Եղիայի հոգով ու զորությամբ նրա առաջից պիտի գնա։ Հայրերին ու որդիներին կհաշտեցնի, արդարների իմաստությունը անհնազանդներին ընդունելի կդարձնի, որպեսզի Տիրոջն ընդունելու պատրաստ ժողովուրդ կազմի»։ Զաքարիան հրեշտակին ասաց. «Ես դա ինչպե՞ս իմանամ. չէ՞ որ ես ծեր եմ, կնոջս տարիքն էլ անցել է»։ Հրեշտակը պատասխանեց նրան ու ասաց. «Ես Գաբրիելն եմ, որ Աստծու առաջ եմ կանգնում. ուղարկվել եմ քեզ հետ խոսելու և այս բաների մասին քեզ ավետիս տալու։ Եվ ահա համր կլինես ու չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այս բաները լինեն, քանի որ չհավատացիր իմ այս խոսքերին, որոնք իրենց ժամանակին պիտի իրականանան»։ Ժողովուրդը Զաքարիային էր սպասում, և տաճարում զարմանում էին, որ նա ուշանում է։ Երբ դուրս եկավ, նրանց հետ չէր կարողանում խոսել, և իմացան, որ տաճարում տեսիլք էր տեսել։ Նա նշաններով էր խոսում նրանց հետ և մնում էր պապանձված։ Բայց երբ նրա ծառայության օրերն ավարտվեցին, գնաց իր տուն։ Այն օրերից հետո նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ։ Հինգ ամիս իր հղիությունը գաղտնի էր պահում և ասում. «Տերն այս օրերին ինձ այսպես արեց, ինձ վրա նայեց, որ մարդկանց առաջ իմ նախատինքը վերացնի»։ Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ, և այն կույսի անունը Մարիամ էր։ Հրեշտակը, նրա մոտ գալով, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Մարիամը, տեսնելով հրեշտակին, նրա խոսքերից շփոթվեց ու մտքում խորհում էր, թե այս ողջույնն ի՛նչ է նշանակում։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ ստացար։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում