Ղուկաս 1:65-75

Ղուկաս 1:65-75 ՆՎԱԱ

Եվ ահ ընկավ նրանց շուրջն ապրող բոլորի սրտերը։ Ամբողջ լեռնային Հուդայում պատմվում էր այս ամենի մասին։ Եվ բոլոր լսողները պատմվածն իրենց սրտերի մեջ էին պահում և ասում. «Արդյոք ի՞նչ պիտի լինի այս մանուկը»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։ Նրա հայրը՝ Զաքարիան, Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ ու ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այցելության եկավ և իր ժողովրդին փրկություն բերեց։ Եվ իր ծառայի՝ Դավթի տնից մեզ համար փրկության եղջյուր կանգնեցրեց, ինչպես որ դարեր առաջ իր սուրբ մարգարեների բերանով ասել էր. Փրկություն կտա մեր թշնամիներից, բոլոր մեզ ատողների ձեռքից, ողորմություն կանի մեր հայրերին և կիրականացնի իր սուրբ ուխտը։ Պահեց այն երդումը, որ տվել էր մեր հայր Աբրահամին, որպեսզի մեզ արժանավորի, մեր թշնամիների ձեռքից ազատվելուց հետո իրեն աներկյուղ պաշտենք՝ որպես մեր կյանքի բոլոր օրերին նրա առաջ սրբությամբ ու արդարությամբ կանգնածներ։