Ղուկաս 1:57-80

Ղուկաս 1:57-80 ՆՎԱԱ

Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացավ, և նա որդի ծնեց։ Նրա հարևաններն ու ազգականները լսեցին, որ Տերը մեծ ողորմություն է արել նրան, և նրա հետ ուրախանում էին։ Ութերորդ օրը եկան երեխային թլփատելու և նրան իր հոր անունով Զաքարիա էին կոչում, բայց նրա մայրն ասաց. «Ո՛չ, այլ Հովհաննես պիտի կոչվի»։ Եվ նրան ասացին. «Քո ազգում ոչ ոք չկա, որ այդ անունով կոչվի»։ Նրա հորը նշաններով հարցրին, թե ի՛նչ կկամենա, որ նա կոչվի։ Նա տախտակ խնդրեց և վրան գրեց՝ ասելով. «Դրա անունը Հովհաննես է»։ Եվ ամենքը զարմացան։ Եվ նրա բերանն ու լեզուն իսկույն բացվեցին, և խոսում էր՝ Աստծուն օրհնելով։ Եվ ահ ընկավ նրանց շուրջն ապրող բոլորի սրտերը։ Ամբողջ լեռնային Հուդայում պատմվում էր այս ամենի մասին։ Եվ բոլոր լսողները պատմվածն իրենց սրտերի մեջ էին պահում և ասում. «Արդյոք ի՞նչ պիտի լինի այս մանուկը»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։ Նրա հայրը՝ Զաքարիան, Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ ու ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այցելության եկավ և իր ժողովրդին փրկություն բերեց։ Եվ իր ծառայի՝ Դավթի տնից մեզ համար փրկության եղջյուր կանգնեցրեց, ինչպես որ դարեր առաջ իր սուրբ մարգարեների բերանով ասել էր. Փրկություն կտա մեր թշնամիներից, բոլոր մեզ ատողների ձեռքից, ողորմություն կանի մեր հայրերին և կիրականացնի իր սուրբ ուխտը։ Պահեց այն երդումը, որ տվել էր մեր հայր Աբրահամին, որպեսզի մեզ արժանավորի, մեր թշնամիների ձեռքից ազատվելուց հետո իրեն աներկյուղ պաշտենք՝ որպես մեր կյանքի բոլոր օրերին նրա առաջ սրբությամբ ու արդարությամբ կանգնածներ։ Եվ դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարե պիտի կոչվես, որովհետև Տիրոջ առաջից պիտի գնաս՝ նրա ճանապարհները պատրաստելու, որպեսզի նրա ժողովրդին, մեղքերի թողությամբ, փրկության գիտությունը տաս։ Շնորհիվ մեր Աստծու գթառատ ողորմածության՝ ծագող արեգակը կայցելի մեզ բարձունքից՝ խավարում և մահվան ստվերում նստողներին լույս տալու և մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհն ուղղելու»։ Եվ մանուկն աճում էր ու հոգով զորանում և անապատներում էր մինչև այն օրը, երբ նա երևաց Իսրայելին։

Video for Ղուկաս 1:57-80