Ղուկաս 1:57-66

Ղուկաս 1:57-66 ՆՎԱԱ

Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացավ, և նա որդի ծնեց։ Նրա հարևաններն ու ազգականները լսեցին, որ Տերը մեծ ողորմություն է արել նրան, և նրա հետ ուրախանում էին։ Ութերորդ օրը եկան երեխային թլփատելու և նրան իր հոր անունով Զաքարիա էին կոչում, բայց նրա մայրն ասաց. «Ո՛չ, այլ Հովհաննես պիտի կոչվի»։ Եվ նրան ասացին. «Քո ազգում ոչ ոք չկա, որ այդ անունով կոչվի»։ Նրա հորը նշաններով հարցրին, թե ի՛նչ կկամենա, որ նա կոչվի։ Նա տախտակ խնդրեց և վրան գրեց՝ ասելով. «Դրա անունը Հովհաննես է»։ Եվ ամենքը զարմացան։ Եվ նրա բերանն ու լեզուն իսկույն բացվեցին, և խոսում էր՝ Աստծուն օրհնելով։ Եվ ահ ընկավ նրանց շուրջն ապրող բոլորի սրտերը։ Ամբողջ լեռնային Հուդայում պատմվում էր այս ամենի մասին։ Եվ բոլոր լսողները պատմվածն իրենց սրտերի մեջ էին պահում և ասում. «Արդյոք ի՞նչ պիտի լինի այս մանուկը»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։