ՂԵՎՏԱԿԱՆ 6

6
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Եթե մեկը մեղանչի և հանցանք գործի Տիրոջ դեմ՝ սուտ խոսելով իր մերձավորի ավանդի մասին կամ իրեն վստահված մի բանի կամ հափշտակված մի առարկայի մասին, կամ խարդախություն անի իր մերձավորի հանդեպ, 3կամ կորած մի բան գտնի և ուրանա՝ սուտ երդում տալով, բոլոր այս բաներից մեկնումեկի մեջ, որ մարդ կարող է անել՝ մեղք գործելով դրանցով, 4այն ժամանակ, քանի որ մեղանչել ու հանցանք է գործել, նա պետք է ետ տա հափշտակածը, որ հափշտակել է, կամ խարդախությամբ ձեռք բերածը, կամ իրեն հանձնված ավանդը, կամ կորած բանը, որ գտել է, 5կամ որևէ բան, որի համար սուտ երդում էր արել. ամբողջությամբ պետք է հատուցի դա՝ դրան ավելացրած դրա մեկ հինգերորդ մասը, և վերադարձնի տիրոջը իր հանցանքի համար զոհաբերություն մատուցելու օրը։ 6Եվ իր հանցանքի զոհ մատուցի Տիրոջը, այսինքն՝ հոտերից քահանայի մոտ բերի անարատ մի խոյ՝ քո որոշած արժեքով, իբրև հանցանքի զոհ։ 7Քահանան քավություն անի նրան Տիրոջ առաջ, և թողություն կլինի նրան, ինչ բանի համար որ հանցանք էր գործել»։
Ողջակեզ
8Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 9«Պատվիրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին և ասա՛. “Այս է ողջակեզի օրենքը. ողջակեզը զոհասեղանի վրա գտնվող կրակի վրա պիտի մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, և զոհասեղանի վրա կրակը վառած պիտի մնա։ 10Քահանան կտավե պատմուճան պիտի հագնի և կտավե անդրավարտիք իր մարմնի վրա։ Նա զոհասեղանի վրայից պիտի վերցնի կրակից այրված ողջակեզի մոխիրը և դնի զոհասեղանի մոտ։ 11Նա իր զգեստները պիտի հանի ու հագնի ուրիշ զգեստներ և մոխիրը տանի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։ 12Զոհասեղանի վրա կրակը միշտ վառած պիտի մնա, չպիտի հանգչի։ Ամեն առավոտ քահանան դրա վրա փայտ պիտի վառի, դրա վրա շարի ողջակեզը և դրա վրա այրի խաղաղության զոհերի ճարպը։ 13Կրակը միշտ վառած պիտի մնա զոհասեղանի վրա, չպիտի հանգչի։
Հացի ընծա
14Այս է հացի ընծայի օրենքը. Ահարոնի որդիները այն պիտի մատուցեն Տիրոջ առաջ, զոհասեղանի դիմաց։ 15Քահանան պիտի վերցնի մի լիքը բուռ հացի ընծայի ընտիր ալյուրից, դրա յուղից և հացի ընծայի վրա եղած ամբողջ կնդրուկը և նրա հիշատակի մասն այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ 16Եվ դրանից մնացածը պիտի ուտեն Ահարոնն ու նրա որդիները։ Այն պիտի ուտեն առանց թթխմորի, սուրբ վայրում. ժողովի վրանի սրահում պիտի ուտեն այն։ 17Թթխմորով չեփվի այն։ Դա իրենց համար բաժին տվեցի իմ այն զոհերից։ Դա մեղքի և հանցանքի զոհաբերությունների նման ամենասուրբ է։ 18Ահարոնի զավակների բոլոր արուները թող ուտեն դրանից։ Տիրոջ զոհաբերություններից սա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ։ Ով դիպչի դրանց, կսրբանա”»։
19Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 20«Այս է Ահարոնի ու նրա որդիների զոհաբերությունը, որ նրանք պիտի մատուցեն Տիրոջը օծվելու օրը։ Մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր ամեն օր հացի ընծայի համար. կեսը՝ առավոտյան, իսկ մյուս կեսը՝ երեկոյան։ 21Տապակի մեջ յուղով պիտի պատրաստվի. այն պիտի բերես հունցված, եփված և կտորների բաժանված վիճակում ու մատուցես Տիրոջը իբրև անուշահոտ հացի ընծա։ 22Այն պիտի մատուցի նրա որդիներից նրա տեղը օծվող քահանան։ Սա հավիտենական կանոն է Տիրոջ համար. այն պիտի այրվի ամբողջովին։ 23Քահանայի ամեն հացի ընծան ամբողջովին պիտի այրվի, այն չպիտի ուտվի»։
Մեղքի զոհ
24Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 25«Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա՛. “Այս է մեղքի զոհի օրենքը. ողջակեզի մորթված տեղում պիտի մորթվի մեղքի զոհը Տիրոջ առաջ։ Դա ամենասուրբ է։ 26Այն քահանան, որ մատուցում է մեղքի զոհը, նա պիտի ուտի այն։ Դա պիտի ուտվի սուրբ վայրում՝ ժողովի վրանի սրահում։ 27Ամեն ինչ, որ դիպչի դրա մսին, կսրբանա։ Եթե դրա արյունից ցայտի զգեստի վրա, այն ցայտված զգեստը պետք է լվացվի սուրբ վայրում։ 28Կավե այն ամանը, որի մեջ եռացել է այդ միսը, պետք է ջարդվի, իսկ եթե պղնձե ամանի մեջ է եռացել, ամանը պետք է շփվի և լվացվի ջրով։ 29Քահանաների բոլոր արու զավակները պիտի ուտեն դրանից. դա ամենասուրբ է։ 30Մեղքի ամեն զոհը, որի արյունից ժողովի վրան է բերվում քավություն անելու համար սուրբ վայրի մեջ, չպետք է ուտվի, այլ կրակով պետք է այրվի”»։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք